Հայաստանում ժամը 16։30-ի տվյալներով «Վերջին զանգի» միջոցառումներին մասնակցող 71 մեքենա հայտնվել է ոստիկանության տուգանային հրապարակում։
Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին NEWS.am –ի հետ զրույցում ասաց Երևանի ճանապարհային ոստիկանության, ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանը։
Չնայած նրան, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել, այնուամենայնիվ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը զգալի է։
«Ունենք պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցներ, որոնց թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 71, որոնցից 18-ը տեղափոխվել են Երևան քաղաքում, իսկ 53-ը մարզերում։
Մարզերում տեղափոխված տրանսպորտային միջոցներից 27-ի տեղափոխման հիմք են հանդիսացել քանի որ ղեկին եղել են անչափահասներ։ Մյուս 26-ը տեղափոխվել են տուգանային հրապարակ տարբեր վարչական իրավախախտումներ թույլ տալու արդյունքում»,- նշեց ՃՈ ներկայացուցիչը։
Համեմատական անցկացնելով անցած տարվա տվյալների հետ Խաչատուր Սամվելյանը նշեց. «Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կա դեպի դրականը տանող տենդենց»։
Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 26-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը։
Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 29.642 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 19.618 շրջանավարտ:
Նշենք, որ ավարտական եւ պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 2-23-ը: