Lragir.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանն անսպասելի այցելել է Պաշտպանության նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել ՊՆ ղեկավարության հետ: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված այս սուղ տեղեկատվության հետ նույնիսկ լուսանկար էլ չկա:
Սերժ Սարգսյանի այցից հետո պաշտոնանկ են արվել Ռազմական ոստիկանության պետը եւ հրթիռային զորքերի ու հրետանու վարչության պետը: ԶԼՄ-ները գրում են, որ պաշտոնանկությունները շարունակվելու են:
Սերժ Սարգսյանը «վերակազմավորում է» բանակը. նախ հեռացվեց բարձրագույն հրամկազմը՝ Պաշտպանության նախարարը, նրա առաջին տեղակալն ու Գլխավոր շտաբի պետը, ներկայում փաստացի տեղի է ունենում միջին հրամկազմի փոփոխություն:
Այս փոփոխությունները կապվում են Սերժ Սարգսյանի ներքաղաքական ծրագրերի հետ, երբ նա ձեւավորում է իրեն լիովին լոյալ իշխանության մարմիններ, այդ թվում պաշտպանական գերատեսչությունը:
Մյուս կողմից, նոր ռազմա-քաղաքական իրավիճակ է Ղարաբաղի խնդրում, փոխվել է «պատերազմի որակը» եւ զենքի մակարդակը: Հայաստանը վերջին շրջանում ստացել է նորագույն զինատեսակներ ու համակարգեր, որոնք հնարավորություն են տվել անիմաստ դարձնել Ադրբեջանի ավանդական մեթոդները, այդ թվում դիվերսիաները եւ օդային հարձակումները: Ընդ որում, սպառազինությունը ստացվել է ոչ միայն Ռուսաստանից, քանի որ որոշ համակարգեր, որ կիրառվել են շփման գծում, Ռուսաստանը պարզապես չունի:
Այս հանգամանքին գումարվում է նաեւ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համենայնդեպս այս փուլում հստակեցրել ու կոշտացրել են իրենց դիրքորոշումները, ինչը բացառում կամ անիմաստ է դարձնում բանակցությունը: Դա նշանակում է, որ դիմակայությունը կարող է մտնել նոր փուլ:
Հայաստանի բանակում ներկայում երկու խնդիր կա՝ կարգապահությունը եւ նոր սպառազինության յուրացումն ու արդյունավետ կիրառումը: Առավել եւս մի փուլում, երբ արտաքին շահագրգիռ կողմերը հայտարարել են, թե որեւէ բան չեն պարտադրելու կողմերին, ակնարկելով, որ կողմերը «մենակ» են իրենց խնդիրների հետ: Դա նշանակում է, որ ռազմա-քաղաքական ինչ որ նոր հանգրվանի հասնելու համար հնարավոր է լարվածության աճի նոր փուլ, որի արդյունքներով էլ որոշվելու են հակամարտող կողմերի դիրքերն այդ նոր հանգրվանում:
Ինչի՞ն են միտված հայկական բանակում սկիզբ առած փոփոխությունները: Նոր իրավիճակում հայկական բանակը ստացել է այդ թվում խորքային հարվածներ հասցնելու հնարավորություն ու լեգիտիմ իրավունք:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am