Hraparak.am-ը գրում է.

Անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 6-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածներում ահազանգել էինք այն մասին, որ քառօրյա պատերազմը, Բաքվի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ՊՊԾ գնդի գրավման փաստը հուշում են, որ իրական է դարձել Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծման-հրետակոծման կամ դրա գրավման հնարավորությունը: Առաջարկել էինք չկատարել պլանային վերալիցքավորում, դադարեցնել այդ օրերին սկսված ատոմակայանի կյանքի տեւողության երկարաձգմանն ուղղված ուսումնասիրությունները եւ այդ նպատակով Ռուսաստանից ստացված վարկը վերահասցեագրել եւ տրամադրել ոչ թե ՀԱԷԿ-ին, այլ դրանով կառուցել մի նոր ՋԷԿ: Մեր այդ ահազանգը մնաց անպատասխան, չքննարկվեց նույնիսկ մասնագետների եւ բնապահպանների կողմից: Երեւի թե այն պատճառով, որ բերված փաստարկներն անհերքելի էին, եւ դրանց հակառակորդները չգտան որեւիցե հակափաստարկ: Այն պատճառով նաեւ, որ ատոմակայանի փակման թեման տաբու թեմա է:

Ֆիզիկապես ու բարոյապես մաշված, ժամկետանց ռեակտոր ունեցող ՀԱԷԿ-ի պահպանման ջատագովներն օգտվեցին այդ լռությունից, շարունակեցին իրենց գործունեությունը եւ հայտարարեցին, որ մայիսի 10-ից սկսվել է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլը: Այդ պատճառով էլ մեկ անգամ եւս ցանկանում ենք ահազանգել եւ տեղեկացնել հանրությանը, թե ինչ ահավոր աղետ է սպառնում հայաստանցիներին: Առավել եւս, որ ատոմակայանի ոչնչացումը կարող է ձեռնտու լինել ոչ միայն մեր հակառակորդներին, այլեւ աշխարհի այլ հզոր ուժերի:

Ո՞ւմ կարող է ձեռնտու դառնալ ՀԱԷԿ-ի պայթեցումը եւ ինչո՞ւ

1. Նրանց, ովքեր ցանկանում են հաղթել հայերին ղարաբաղյան պատերազմում։ Ընդ որում՝ այնպես հաղթել, որ դա լինի մեկ հարվածով, մի քանի րոպեների ընթացքում, առանց զոհեր տալու, առանց հակազդեցության հանդիպելու, շատ էժան ու հեշտ: Որ այդ հաղթանակը լինի բացարձակ՝ մի քանի հարյուրամյակ հայերի վերադարձը Հայաստան դառնա անհնարին:

2. Նրանց, ովքեր ատում են հայերին եւ ցանկանում են, որ տեղի ունենա հայոց երկրորդ ցեղասպանությունը:

3. Նրանց, ովքեր չեն ցանկանում, որ թուրքական երկու պետությունների միավորում տեղի ունենա եւ ստեղծվի Մեծ Թուրանը, որը կմիավորի Ռուսաստանում, Չինաստանում եւ այլուր ապրող թյուրքալեզու ժողովուրդներին: Եվ ուզում են այդ նպատակին հասնել առանց զոհեր տալու, առանց իրենց տարածքները վտանգելու, շատ էժան եւ հեշտ ձեւով: Նաեւ՝ մի քանի հարյուրամյակի երաշխիքով, որի ընթացքում անանցանելի եւ անմարդաբնակ կմնան Նախիջեւանի եւ Զանգեզուրի տարածքները:

4. Նրանց, ովքեր ունեն իրենց նախկին հիմնարկությունը հրդեհելու եւ դրանով իսկ կատարած թալանն ու հանցագործությունները թաքցնելու մենթալիտետ:

5. Նրանց, ովքեր ցանկանում են վերացնել ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, ցանկանում են, որ Ռուսաստանը հեռանա Կովկասից: Մասնավորապես՝ իսլամական ահաբեկչական այն կազմակերպություններին, որոնց դեմ Կրեմլը պատրաստվում է օգտագործել Գյումրիի ռազմակայանը:

6. Նրանց, ովքեր չարիք են համարում Միացյալ Նահանգները եւ ցանկանում են, որ տարածաշրջանում ԱՄՆ ամենամեծ եւ կարեւոր դեսպանատունն այլեւս չգործի:

7. Նրանց, ովքեր, ատելով քրիստոնյաներին, ցանկանում են վերացնել քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունը, երկրագնդի վրայից մի քանի հարյուրամյակով ջնջել այն տեղը, որտեղ դա տեղի է ունեցել, կանխել այդ վայրը քրիստոնեական Մեքքա՝ աշխարհի քրիստոնյաների համար ուխտատեղի դարձնելու հնարավորությունը:
Հայաստանը կարո՞ղ է կանխել Մեծամորի ատոմակայանի պայթեցումը

1. Ոչ, եթե դա կատարվի Նախիջեւանում տեղակայված Սմերչի համազարկով կամ այնտեղ գտնվող ցանկացած հրանոթի ուղիղ նշանառությամբ արձակված կրակոցներով, ինչը կանխարգելելու որեւիցե հնարավորություն Հայաստանը չունի:

2. Ոչ, եթե դա իրագործվի Նախիջեւանի օդային տարածքում գտնվող ռազմական օդանավից կամ ուղղաթիռից արձակված օդ-երկիր հրթիռների օգնությամբ:

3. Դժվար թե, եթե հարձակումը կատարվի հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով:

4. Դժվար թե, եթե դա փորձեն իրականացնել հատուկ պատրաստվածություն անցած գրոհայինները: Այդ մասին է վկայում ընդամենը մի քանի ինքնաձիգներով զինված եւ հատուկ պատրաստվածություն չունեցող «Սասնա ծռեր» ջոկատի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավման փաստը:

5. Միգուցե կարողանա, եթե ատոմակայանը փորձեն վնասել արհեստականորեն առաջացրած բնական կամ տեխնոգեն աղետների օգնությամբ: Ասենք, Հայաստանի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից մեկը կամ մի քանիսը խափանելու միջոցով, ինչը կարող է ՀԱԷԿ-ում հրդեհի պատճառ դառնալ: Այդպիսի մի հրդեհ առաջացավ 1982-ի հոկտեմբերի 15-ին, երբ Հայաստանը հրաշքով փրկվեց ատոմային աղետից։

Կարո՞ղ են կրկնվել «ցուրտ ու մութ» տարիները

Ոչ, չեն կրկնվի, քանի որ Հայաստանն այսօր առանց ատոմակայանի աշխատանքի էլ ի վիճակի է բավարարել էլեկտրականության իր օրեցօր պակասող պահանջարկը՝ օգտագործելով իր մնացած էլեկտրակայանները: Բացի այդ, ի տարբերություն «ցուրտ ու մութ» տարիների, այսօր մենք ունենք ոչ թե մեկ, այլ երկու գազամուղ, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած ի վիճակի է բավարարել Հայաստանի բոլոր կարիքները: Նշենք նաեւ, որ Իրան-Հայաստան գազամուղը չի անցնում երրորդ երկրի տարածքով՝ Իրանից ուղիղ մտնում է Հայաստան:

Ինչո՞ւ է պետք հենց հիմա դադարեցնել ՀԱԷԿ-ի աշխատանքը

Որովհետեւ անցած տարվա քառօրյա պատերազմից հետո կտրուկ մեծացել է նոր, այն էլ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, սրվել եւ աննորմալ չափերի են հասել կրքերը հարեւան երկրում: Նավթի գների անկման պատճառով կտրուկ վատացել է Ադրբեջանի ֆինանսական եւ նրա ժողովրդի սոցիալական վիճակը, ինչը նույնպես ավելացնում է պատերազմի եւ նոր ռամիլսաֆարովների ի հայտ գալու հնարավորությունը: Միաժամանակ, ատոմակայանի գործող էներգաբլոկի աշխատանքի ժամկետի երկու անգամվա երկարաձգումը վերջնականապես սպառել է նրա ռեսուրսը, եւ այժմ Հայաստանը 270 մլն․ դոլարի վարկ է վերցրել, որպեսզի ընդամենը տասը տարով երկարաձգի այդ խիստ վտանգավոր դարձած օբյեկտի աշխատանքը, ինչի անհրաժեշտությունը, ինչպես վերը նշվեց, չկա: Ի դեպ, այդ վարկի եւ դրա տոկոսների բեռը դրված է մեր բոլորի ուսերին, քանի որ 2015 թվականից այդ ամենը ներառված է էլեկտրականության սակագնի մեջ: Եվ դեռ տասներեք տարի շարունակ մենք բոլորս ստիպված ենք լինելու թանկ գնով գնել էլէներգիա, մինչեւ որ այդ տասնհինգ տարով տրված վարկը մարենք:

Ինչպե՞ս կարելի է օգտագործել Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարաձգելու նպատակով ստացված ՌԴ վարկը

Կառուցել Մեծամորի ջերմաէլեկտրակայան՝ Մեծամորի ատոմակայանի փոխարեն:
Ինչո՞ւ ղարաբաղյան պատերազմի տարիներին ՀԱԷԿ-ի պայթեցման վտանգ չկար
Որովհետեւ այդ տարիներին ատոմակայանը չէր գործում:

Ովքե՞ր են շահագրգռված, որ ժամկետանց, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ատոմակայանը շարունակի աշխատել

1. Նրանք, ում մտքում կա ատոմակայանը պայթեցնելու գաղափարը: Իսկ դրանց մեջ կան այնպիսիները, որոնք ի վիճակի են ազդել Հայաստանում ընդունվող որոշումների վրա:

2. Բոլոր նրանք, ովքեր եկամուտներ են ստանում ՀԱԷԿ-ից, ովքեր ստիպված են լինելու փոխել մասնագիտությունը: Կարծում ենք, որ եթե կառուցվի Մեծամորի ՋԷԿ-ը, մասնագետների մի մասի աշխատատեղի հարցը կլուծվի: Մյուսների ապագայի խնդիրը պետք է ներառվի ատոմակայանի փակման հետ կապված միջոցառումների ծրագրում:

3. Երկրի նախագահը, նախարարության, ատոմային էներգետիկայի հետ կապված կառույցների ղեկավարները, քանի որ ՀԱԷԿ-ի փակումից Հայաստանն այնուամենայնիվ կտուժի՝ այլեւս չի համարվի միջուկային պետություն: Դրա հետեւանքներից մեկն այն կլինի, որ վերը նշված անձինք կզրկվեն ատոմային անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովներին մասնակցելու իրավունքից: Մինչդեռ այդ միջոցառումներին մասնակցում են աշխարհի ամենահզոր երկրների ղեկավարները: Եվ մեր նախագահները նույնպես միշտ մասնակցել են՝ ունենալով վեհության զգացում:

Բայց հիմա վտանգն այնքան է մեծացել, որ կրակի հետ խաղալ սիրող եւ այդ կրակից ոչ թե շագանակներ, այլ միլիոնավոր դոլարներ հանելով հարստացած մեր պատասխանատուներն ատոմակայանի հարցում պետք է հրաժարվեն իրենց այդ սովորությունից: Որովհետեւ տվյալ դեպքում կշեռքի նժարին է դրված Հայաստանի, այսինքն՝ նաեւ ողջ հայության գոյության-չգոյության հարցը:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am