«Իմ և էստոնացի ազգի անունից շնորհավորում եմ հայ ազգին: Մենք բոլոր պատերազմներում էլ հաղթող ենք լինելու, ես երկու պատերազմ արդեն մասնակցում եմ այս ժողովրդի հետ, այս ժողովդին հաղթել չի լինի».- պաշտոնյաների ելույթներից հետո բարձրախոսին մոտեցած անձը չներկայացավ, ասաց սրտի խոսքն ու շտապեց հեռանալ:
«Մաքուր էստոնացի եմ,- մաքուր հայերենով ասաց տղամարդը, ով ներկայացավ որպես Բուռման Հովսեփյան ֆելիքս Կառլի,- Արդեն 40 տարի է ես այս ժողովրդի մեջ ապրում եմ ու 22-23 տարի է, որ ազատամարտին մասնակցում եմ, ունեմ շատ ընկերներ այստեղ, հենց հիմա այստեղ»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ հեռավոր Էստոնիայից եկել և բնակություն է հաստատել Հայաստանում, Բուռման Հովսեփյան ֆելիքսը պարզ պատասխան տվեց՝ կինը հայ է. «Ես երկքաղաքացի եմ՝ Հայաստանի և Էստոնիայի: Իմ կինը հայ է, 4 երեխա ունենք՝ 3 տղա և աղջիկ, 5 հատ էլ թոռ ունեմ արդեն: Ես միշտ գնում գալիս եմ»:
Ի դեպ, մեր զրուցակիցը նկարիչ-քանդակագործ է, պատմեց նաև որ ֆիլմերի արխիվներ ունի հայ ժողովրդի պայքարի մասին և շուտով պատրաստվում է ցուցադրել դրանք Եվրոպայում. «Պետք է տանեմ ամբողջ Եվրոպան տեսնի հայ ազգի պայքարի մասին: Հունիսի 7-ին դուրս եմ գալու իմ կռուիզին ու ամբողջ Եվրոպային ցույց եմ տալու իմ արխիվը, իմ նկարահանած ֆիլմերը՝ Էստոնիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Գերմանիա, Դանիա, Բելգիա, Նորվերգիա: Եթե ստացվի, ամեն ինչ կախված է գումարից, բայց կստացվի, արվեստագետն անգումար չի մնա»: