Օրերս aravot.am-ն անդրադարձել էր պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի նախկին սպա, ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հատուկ կարեւորության գործերով նախկին ավագ օպեր լիազոր, մայոր, Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվոր (ըստ պաշտոնական վարկածի` զինվորի մահվան պատճառը եղել է գլխի ուռուցքը) Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի զրույցին՝ Վարդան Ղուկասյանի՝ աշխատանքից ազատվելուց մեկ շաբաթ առաջ: Այս մասին հիշեցնում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Իրինա Ղազարյանը պատմել էր, որ մահացած զինվորների եւս մի քանիսի ծնողների հետ պատահաբար հանդիպել են Վարդան Ղուկասյանին օպերայի մոտակայքում: Նրան տեսնելիս ինքը գանգատվել է որդու մահվան հանգամանքների չբացահայտման վերաբերյալ. «Ասացի՝ Դոգ, որ երեխուս սպանված բերեցիք, ինչո՞ւ էիք խաղեր տալիս, թե իբր տղայիս գլխի մեջ ուռուցք կար»: Դոգն էլ հարցրել է. «Տիկին Իրինա, բայց ո՞վ է ասել, որ Ձեր տղան հիվանդ է եղել: Դե հո չեն ասի, թե ոնց են սպանել: Ո՞վ է ասել, որ ձեր տղան հիվանդության պատճառով է մահացել»: «Ինքն էր ու իր ընկերը: Իր ասած բառերն եմ ասում, ինքը խոստովանեց»,- ասել էր Իրինա Ղազարյանը:

Վարդան Ղուկասյանը «Ժամանակի»  հետ զրույցում նշեց, որ ինքը խոսել է Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհարի հետ, ոչ թե Իրինա Ղազարյանի հետ։ Նա նշեց, որ Տիգրան Օհանջանյանի գործին ինքը շատ լավ ծանոթ է, ծնողները բազմիցս նամակներով ներկայացրել են, որ այդ էլեկտրասյունից իրենց որդին չի էլեկտրահարվել եւ համազգեստի փորձաքննության հետ կապված խնդիրը, որ ուղարկել են 45 օր հետո:

Նա նշեց, որ վաղուց է իմացել, որ Տիգրան Օհանջանյանը չի էլեկտրահարվել: «Մենք այդ թեմայից ենք զրուցել, ինչո՞ւ է մյուս զինվորի մայրն իր սրտի ցանկությունը ներկայացրել որպես իմ խոսքեր, դա չեմ կարող ասել»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ  Տիգրան Օհանջանյանի դեպքում այլ համազգեստ եւ այլ մետաղալար է ուղարկվել փորձաքննության: Հարցին՝ իսկ մի՞թե Տիգրան Օհանջանյանը էլեկտրահարվել է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե ինքը փորձագետ չէ, որ ասի՝ էլեկտրահարություն էր, թե դաժան սպանություն...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):