Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելել է Տաթևի վանական համալիր։ Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։
Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր: «Տաթեւատուն» ռեստորանի հարեւանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։ Ուղեւորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։
Այնուհետեւ Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթեւի վանական համալիր: Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին»,-ասաց Շառլ Ազնավուրը։
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։