Lragir.am-ը գրում է.

Հայաստանում զգալի արձագանք է առաջացրել Միջազգային ճգնաժամային խումբ կոչված կառույցի զեկույցը Արցախի խնդրի վերաբերյալ, որում հավանական է դիտվում նոր պատերազմը եւ խոսվում է դրա մոտալուտ լինելու նախադարյալների մասին:
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն օրինակ ՄՃԽ մոտեցումները համարել է նույնիսկ տարօրինակ, ասելով, թե համակարծիք չեն պատերազմի հավանականության վերաբերյալ գնահատականին, առավել եւս, որ նույն խումբը կարծես թե ոչ մի այդպիսի բան չէր «զեկուցում» ապրիլի պատերազմից առաջ:
Դժվար է ասել, թե հայկական արձագանքների որ մասն է, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի պես համակարծիք չէ ՄՃԽ «կանխատեսմանը»: Բայց նկատելի է, որ մի ահագին մաս այդ զեկույցը դարձրել է պատերազմի մոտալուտ լինելու «հիմնավորում»:
Այն, որ չլուծված որեւէ հակամարտություն, որը գտնվում է խրամատային պատերազմի պայմաններում՝ երկու կողմից սպառազինության կուտակման գործընթացի ուղեկցությամբ, նշանակում է պատերազմի մշտական վտանգ, աներկբա է:
Բայց աներկբա է նաեւ, որ պատերազմը կախված է բազմաթիվ շատ կոնկրետ գործոններից՝ իրական վտանգ դիտարկվելու համար: Եվ այդ իմաստով, պատերազմի զսպման գործոններից մեկն էլ անկասկած պատերազմին միշտ պատրաստ լինելն է, ինչպես հայտնի խոսքում:
Ընդհանրապես, պատերազմն անարդյունավետ խաղաղության հետեւանք է: Ըստ այդմ, ՄՃԽ զեկույցը ինչ որ իմաստով հնարավոր է դիտարկել այդ տրամաբանության ներքո՝ որ հնչում է պատերազմի հավանականության ահազանգ, որը ստիպում է պատրաստվել պատերազմին, ինչն էլ այն կանխելու լավագույն գրավականներից է:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ պատերազմի չհիմնավորված, ծանրակշիռ փաստարկային բազա չունեցող կանխատեսումները ունենում են նաեւ հակառակ էֆեկտ, առաջացնում են խուճապ, տագնապալի տրամադրություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն արդյունավետ խաղաղություն կազմակերպելու տեսանկյունից, հետեւաբար այդպիսի տրամադրությունների հրահրումը կամ ունի հենց պատերազմ հրահրելու, կամ պատերազմի վտանգ փչելու միջոցով այլ՝ ոչ հանրային եւ ոչ պետական խնդիրներ լուծելու նպատակ:
Իսկ Միջազգային ճգնաժամային խումբ կոչվածի այսպես ասած զեկույցը իրականում չի պարունակում պատերազմի իրական վտանգ հիմնավորող փաստարկային քիչ թե շատ կուռ բազա: Հետեւաբար, որքան այդ զեկույցն ունի պատերազմի իրական հավանականություն ենթադրելու հիմք, նույնքան էլ կա հիմք ենթադրելու, որ զեկույցի իրական նպատակը կարող է լինել հենց որեւէ հետին միտքը:
Բացառված չէ, որ ՄՃԽ-ն այդպիսով փորձել է հիշեցնել ընդամենն իր գոյության մասին, այդպիսով լուծելով շատ ավելի պարզ՝ գոյություն պահելու խնդիրներ:
Հնարավոր է իհարկե շատ բան:
Բայց երբ խոսքը վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա այստեղ պետք է լինել չափազանց պատասխանատու եւ խուսափել առանց կուռ փաստարկային տրամաբանության այդպիսի տագնապ հնչեցնելուց, առնվազն մտածելով, որ առաջնագծին շատ մոտ ապրում է մի քանի տասնյակ հազար բնակչություն, եւ այդ մարդկանց բացարձակապես պետք չէ մատնել անքնության:
Առավել եւս, որ փաստարկային առումով ներկայիս իրավիճակը շատ ավելի տալիս է պատերազմի հավանականության, առնվազն մոտալուտ հավանականության նվազ լինելու հիմք:
Ապրիլի պատերազմին Ադրբեջանը չկարողացավ լուծել որեւէ անգամ լուրջ մարտավարական հարց, ուր մնաց ռազմավարականի մասին: Ապրիլից հետո հայկական զինուժը դարձել է պատերազմին շատ ավելի պատրաստ, համալրվել արդիական սպառազինությամբ եւ տեխնիկական միջոցներով: Ընդ որում, դրանց էֆեկտիվությունը ապացուցվել է նաեւ կոնկրետ գործողություններով, որի հետեւանքով Ադրբեջանը կրել է զգալի կորուստ:
Ապրիլի պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմա-տեխնիկական անհավասարակշռությունը չի մեծացել, այլ զգալիորեն նվազել է:
Վերականգնվել է նաեւ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Համենայն դեպս մի ամբողջ տարի Ադրբեջանին պարբերաբար հիշեցրել են հրադադարի մեխանիզմի պահպանման ներդրման առաջնահերթության եւ պատերազմի վերսկսման անթույլատրելիության մասին: Դա արել են թե Մինսկի խմբի համանախագահները, թե ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիան, թե Իրանը եւ թե անգամ Ռուսաստանը, որն ապրիլից հետո ինքն է հայտնվել փակուղում եւ ներկայում ստիպված է մերժել նախաապրիլյան ռազմա-քաղաքական գործարքները ամբողջ ծավալով վերականգնելու Ադրբեջանի հայցերը:
Այն, որ Ադրբեջանում կարող են լինել ներքին լուրջ խնդիրներ տնտեսության եւ նաեւ իշխանական հարաբերությունների մասով, միանգամայն հնարավոր է: Հնարավոր է, որ այդ խնդիրները որոշակի լոկալ սադրանքների ձեւով դրսեւորվեն նաեւ սահմանին, թեեւ Ադրբեջանը ստացավ նաեւ Մինսկի խմբի համանախագահների եւ Ռուսաստանի առանձին հասցեական հարվածը:
Բայց Ալիեւը միայն ուղեղի մթագնման դեպքում կփորձի ներքին խնդիրները լուծել մասշտաբային ռազմական սադրանքի միջոցով, եթե չունի որեւէ միջազգային աջակցություն աշխարհքաղաքական կամ տարածաշրջանային որեւէ տերությունից: Իսկ Ադրբեջանն ամենեւին այն պետությունը չէ, որ առանց այդ ամենի գրեթե 100 տոկոս երաշխիքի կայացնի մասշտաբային ռազմական գործողության որոշում: Դա կլինի Ալիեւի ինքնասպանությունը բառի թերեւս բուն իմաստով:
Նշանակու՞մ է արդյոք այդ ամենը, որ Հայաստանը պետք է հանգստանա: Իհարկե ոչ: Հայաստանը պետք է անընդհատ աշխատի արդյունավետ խաղաղության ամրապնդման ուղղությամբ: Դա նշանակում է արդիական տնտեսություն եւ հասարակական համակեցության համակարգ, դա նշանակում է պաշտպանունակության շարունակվող արդիականացում:
Բայց դա չի նշանակում օրական երեք անգամ պատերազմի կանխատեսում կամ կանխատեսումներին տրվող տուրք: Առավել եւս, որ դրանից մեծ հաշվով չի շահում ոչ ոք, բացի այն սուբյեկտները, ում շահից չի բխում կայունության տեւական հեռանկարը, քանի որ չկա դրա շնորհիվ քաղաքական կամ աշխարհքաղաքական մակաբուծության հնարավորություն:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am