Lragir.am-ը գրում է.
Արցախի պաշտպանական բանակը որոշում է կայացրել ամենօրյա ռեժիմով չտրամադրել տեղեկություն սահմանին հրադադարի խախտումների մասին եւ դրանց վերաբերյալ հաղորդել միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Որոշման հանրային արձագանքը հարաբերական է: Կան թե ողջունողներ, թե հակառակը՝ դա կարող է առաջնագծից տեղեկատվության սահմանափակում լինել:
Իրականում, գոնե առայժմ չի կարող խոսք լինել սահմանափակման մասին, քանի որ կարծես թե հարցն ընդամենը ամենօրյա ռեժիմով վիճակագրությունը չհրապարակելու մասին է: Ինչ խոսք, հանրության մի ստվար մասի համար սպասելի է նույնիսկ այդ տեղեկատվությունը, հատկապես եթե խոսքը զինծառայողների հարազատների մասին է:
Թե ինչու է Արցախի ՊԲ-ն որոշել այլեւս չտրամադրել ամենօրյա վիճակագրություն, այդքան էլ պարզ չէ: Ինչպես պարզ չէ եւ այն, թե ինչու՞ ներդրվեց ամենօրյա ռեժիմով հրապարակումների այդ պրակտիկան:
Պետք է ենթադրել, որ այստեղ գլխավոր շարժառիթը ոչ միայն հանրային իրազեկման հարցն էր, առավել եւս, որ կարծես թե չկար ամենօրյա ռեժիմով տեղեկության հանրային պահանջ՝ որպես այդպիսին, այլ քարոզչական «պատերազմը»: Հայկական կողմը փորձում էր չզիջել դիրքերը եւ ցույց տալ Ադրբեջանի ագրեսիվությունը, նաեւ գուցե դինամիկան: Առավել եւս, որ դա իսկապես տեղի էր ունենում:
Այդ իմաստով հետաքրքիր է, որ այժմ կայացվում է վիճակագրությունը չհրապարակելու որոշում: Հետաքրքիր է այն իմաստով, որ հայկական կողմը ապրիլի պատերազմից հետո արդեն տեւական ժամանակ կիրառում է առաջնագծից տեղեկատվական քաղաքականության նոր մոտեցում: Տեսաապացույցներ են ներկայացվում Ադրբեջանի խախտումների, նախահարձակ գործողության վերաբերյալ, իսկ հետո նաեւ հայկական պատասխանի տեսագրությունը:
Այդ ամենին նպաստում են տրամադրված ամերիկյան տեսադիտարկման ժամանակակից սարքավորումները, որոնք էապես բարձրացրել են թե հայկական կողմի արձագանքի արդյունավետության ներուժը, թե տվել են «ապացուցողական բազայի» մեծ հնարավորություն:
Այլ կերպ ասած, հայկական կողմը ստանում է քարոզչական պատերազմի նոր զենք, նոր հնարավորություն, հետեւաբար գործնականում վերանում է ամենօրյա ռեժիմով վիճակագրության մատուցման անհրաժեշտությունը: Առավել եւս, մեծ հաշվով պարզ էլ չէ, թե որն էր կամ ինչն էր դրա էֆեկտիվությունը:
Արցախի ՊԲ որոշումը հետաքրքիր է հենց ընդհանուր ռազմա-քաղաքական իրավիճակի համատեքստում: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունից հետո, ինչն անկասկած ի թիվս մի շարք մեծ ու փոքր գործոնների, նաեւ քարոզչական նոր մարտավարության եւ Ադրբեջանի սադրանքներին պատասխանի նոր հնարավորությունների արդյունքն էր:
Ե՞րբ է դառնում ամենօրյա վիճակագրությունն անիմաստ՝ երբ կա այլեւս «փաստարկային» նոր իրականություն եւ մեխանիզմ, այլ կերպ ասած՝ հրադադարի պահպանման վերահսկողության նոր մեխանիզմ: Գործնականում հայկական կողմը միջազգային հանրության օգնությամբ միակողմանիորեն տիրապետում է այդ մեխանիզմին:
Այստեղ արդեն խնդիրն էապես փոխվում է, եւ ներկայում առաջնայինն արդեն այդ մեխանիզմի աշխատանքի հետեւողական կատարելագործումն է եւ դրա շնորհիվ Ադրբեջանի գործողությունների սահմանափակումների ընդլայնումը: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ հայկական կողմը փաստացի ստացել է դրա իրավունքը եւ աջակցությունը:
Միաժամանակ, ամենօրյա վիճակագրության հանդեպ ամենազգայուն շերտը առաջնագծում կանգնած զինվորների եւ սպաների հարազատներն են: Ընդ որում, միարժեք դժվար է ասել՝ հրապարակելն է նրանց համար ավելի նախընտրելի, թե հակառակը: Տեղեկության բացակայությունը հանրությանը հե՞տ կպահի սթրեսային վիճակից, թե՞ հակառակը՝ կառաջացնի ներքին մտայնություն, թե գուցե հնարավոր է լինի ինչ որ բան, որը կոծկվի:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, այդ իմաստով բաց է հանրային իրազեկման տեսանկյունից, եւ դրանից Հայաստանը, հայկական զինուժը ոչ միայն չի թուլանում, այլ գուցե դառնում է ավելի ուժեղ՝ մի շարք առումներով:
Այդուհանդերձ, այստեղ կա թերեւս մի առանցքային խնդիր, որն առնչվում է առաջնագծից եւ ընդհանրապես զինված ուժերի մարտական հերթապահության տարածաշրջաններից ստացվող տեղեկատվության հոսքի կարգավորմանը: Խոսքը ոչ թե ծավալների, այլ որակի մասին է:
Առաջնագիծը պետական սահման է, որտեղ կանգնած է պետական բանակը, որը պետություն է պահպանում, ինչը ենթադրում է ոչ միայն աշխարհագրական տարածություն, այլ նաեւ արժեքներ, քաղաքակրթական որոշակի մակարդակ, քաղաքական, քաղաքացիական որոշակի գիտակցություն: Այն, ինչը նաեւ Հայաստանի քաղաքական կարեւորագույն կռվանն է Ադրբեջանի հետ հակադրությունում:
Ըստ այդմ, առաջնագծից տարածվող տեղեկատվությունը պետք է համապատասխանի պետական ստանդարտների: Ի վերջո, պետությունը սկսում է նաեւ սահմանից եւ հենց այդ ստանդարտների օգնությամբ նաեւ պետք է պետություն ձեւավորվի թիկունքում, նպաստի պետական կոդեքսի ձեւավորմանն ու ամրապնդմանը:
Այդ իմաստով, պետք է մշակվեն առաջնագծում լրատվական-քարոզչական աշխատանքի ստանդարտներ, եւ միայն դրանց համապատասխանության դեպքում պետք է առաջնագիծը հասանելի լինի տեղեկատվական հոսքերի համար:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am