Hraparak.am-ը գրում է.
Ամեն տարի նախարարությունները դիմում են գործադիրին, որպեսզի թույլ տան զորակոչից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիներին առանց խոչընդոտի մուտք գործել երկիր, կատարելով օրենքով սահմանված մուծումները՝ յուրաքանչյուրի համար 1,8 մլն․ դրամ 9 տարվա համար։ Եթե քաղաքացիները 27 տարին լրանալուց հետո չեն վերադառնում եւ մուծումներ չեն կատարում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, եւ հետախուզում է սկսվում։ Եվ ամեն տարի կառավարությունը հարյուրավոր դիմումներ է ստանում բանակից խուսափող երիտասարդների ծնողներից, որոնք խնդրում են դադարեցնել հետախուզումը ու հնարավորություն տալ իրենց երեխաներին վերադառնալ Հայաստան։ Պաշտպանության նախարարությունն ու կառավարությունն էլ, նկատի ունենալով, որ մուծումներն էապես ավելացնում են բյուջեի մուտքերը, եւ հազարավոր երիտասարդներ վերադառնում են հայրենիք, ընդառաջում են։
Սովորաբար այս ստանդարտ ընթացակարգն իրականացնում էր պաշտպանության նախարարությունը։ Բայց արդեն 3 տարի է՝ դիմումների հավաքումը հանձնարարվել է սփյուռքի նախարարությանը։ Հավանաբար, լրացուցիչ զբաղվածություն են ստեղծել անհասկանալի գործառույթներով այս գերատեսչության համար։ Երեկ գործադիրի նիստին սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում հերթական փոփոխությունն առաջարկեց։ «Նախագիծը հնարավորություն կտա մինչեւ 2018թ. մայիսի 1-ը Զինապարտության մասին օրենքի խախտման` պարտադիր զինծառայությունից խուսափած շուրջ 1000-ից ավելի քաղաքացիների, խուսափելով քրեական պատասխանատվությունից, մուտք գործել Հայաստան՝ համապատասխան վճարումները կատարելուց հետո»,- ասաց նա։ Քրեական գործերի ու հետախուզումների կարճումից բյուջեն լրացուցիչ 1 մլրդ․ 800 մլն․ դրամ եկամուտ կունենա։
ՊՆ-ի մեր աղբյուրը հայտնեց, որ գումարները, սովորաբար, միանգամից չեն հասնում պետությանը։ «Հաստատելը տեւական գործընթաց է։ Մարդիկ կամաց-կամաց դիմում են։ Հո միանգամից չեկա՞ն բոլորը մուծեցին»։ Պնախարար Վիգեն Սարգսյանը երեկ կառավարության նիստում դեմ արտահայտվեց այս նախագծին։ «Սա լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերական երկարաձգվելով՝ ոչ թե խթանում է վերադարձ, այլ խթանում է մինչեւ 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսք՝ հույսով, որ մինչեւ 27-ն արտերկրում գտնվելով՝ գումարը վճարելու են ու լեգիտիմացնեն չծառայելը։ Մեզ համար, երեւի թե, պետք է որոշենք, որ, որպես քաղաքականություն, սա մշտապես շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»։ Ինչու հաջորդ՝ որովհետեւ այս տարի չի կարող ոչինչ անել, որ «փող բերող» այս որոշումը մերժվի։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւս շահագրգիռ կողմ է, քանի որ նրա աշխատողներն ամեն տարի անիմաստ գրագրությամբ են զբաղվում՝ հազարավոր քաղաքացիների դեմ գործ են հարուցում ու նույն հաջողությամբ էլ կարճում։ Նա հիշեցրեց, որ մինչեւ 35 տարեկան սպայական անձնակազմը եւս օգտվում է այս օրենքից։
«Պահեստազորի սպաների դեպքում այս անձինք բավականին հասուն տարիքում գտնվել են ՀՀ-ում, ստացել ուսում, օգտվել են բազմաթիվ արտոնություններից, եւ այս պարագայում նրանց եւս այս օրենքի ուժի տակ պահելը համաչափ չէ»,- ասաց նա։ Նա եւս գտնում էր, որ սպաներին քրեական պատասխանատվությունից ազատելը բերում է նրան, որ բանակից խուսափելը խրախուսվում է։ Վարչապետը երկու օր տվեց քննարկումների համար։
Նյութի աղբյուրը ` Hraparak.am