«Վտանգ միշտ կա, իսկ թե ինչքանով ենք մենք ադեկվատ վերաբերվում վտանգներին, դա այլ հարց է։ Վտանգի դեպքում մարդը պետք է իր վրա աշխատի, պատրաստ լինի վտանգի դիմացն առնելուն, չեզոքացնելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով արցախաադրբեջանական սահմանում պատերազմի հնարավոր վերսկսման և դրա՝ տարածվող տեղեկատվությունների հետևանքով ստեղծվող հոգեբանական խուճապի մասին՝ասաց ազատամարտիկ, հետախույզ, ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով՝ երբ սկսվի մի իրավիճակ, որ լուրջ թեժացումներ լինեն, մեծ հարցական է՝ արդյոք ուղղակի կռվի դաշտ գնալու ցանկությունը բավարար կլինի՞ հակառակորդին կանգնեցնելու համար։ Վ. Վարդանովի գնահատմամբ՝ խուճապը սարսափելի բան է, իսկ վախը մոբիլիզացնում է, ստիպում է, որ մարդու ուղեղն ավելի լավ աշխատի, մկաններն ավելի լավ աշխատեն, պատրաստվի վտանգները չեզոքացնելու։
«Վախի աստիճանը նորմալ է, բայց խուճապը՝ ոչ։ Լրատվամիջոցները մեծ մեղք են գործում՝ հակառակորդի համար հարմար տեղեկություններ տարածելով»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է սահմանում, Վովա Վարդանովը պատասխանեց.
«Սահմանում ամեն ինչ նորմալ է, տղերքը պատրաստ են։ Այն տղան, որ հակառակորդի դիմաց կանգնած է, ուզած-չուզած՝ կկռվի։ Բայց հասարակությունը պատրա՞ստ է համալրելու դիրքերում գտնվածների շարքերը, գնալ առաջ հակահարված հասցնելու համար։ Մեր դիրքապահները պատրաստ են, բա էլ ինչի՞ են հասել էնտեղ։ Լուրջ հարց է՝ ինչքանո՞վ է հասարակությունը պատրաստ դրան»։
Մեկնաբանելով Ադրբեջանի ամենօրյա գործողությունները և պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ուզում դրանով ասել հակառակորդը, պարոն Վարդանովն ասաց.
«Այն երկիրը, որը դուք Ադրբեջան եք կոչում, մեկ է՝ ինչ է ուզում, ինձ համար կարևոր է, թե մենք ի՞նչ ենք ուզում։ Մենք գնդակը տվել ենք իրենց։ Մենք վախենում ենք պատասխանատվությունից։ Խուսափել ենք հարձակողական գործուղություններից ու գնդակը տվել նրանց ձեռքը, նրանք այսօր նախաձեռնող կողմն են։ Ուղղակի մեզ հարձակվել է պետք, ոչնչացնել այդ պետությունը ու ստեղծել նորը»։
«Պատերազմը չի ավարտվել։ Այն կավարտվի միայն երկու տարբերակով՝ Բաքու կամ Երևան քաղաքներից մեկը պիտի գրավվի։ Մենք պատրաստ կլինենք մի երկու-երեք տարուց, երբ սկսենք ինտենսիվ պատրաստվել, հասարակությունը պատրաստ լինի իր բոլոր հատվածներով, շերտերով ոչնչացնել այն գործիքը՝ պետությունը, որն ունի թուրքը»,- ասաց նա։
Նյութի աղբյուրը՝ 168.am