Lragir.am-ը գրում է.
Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ սահմանին լարվածությունը նախորդ շրջանների հետ համեմատ զգալի նվազել է, ինչը հայկական առաջնագծի ամրացման արդյունքն է: Լեւոն Մնացականյանը միաժամանակ ասել է, որ Ադրբեջանն իհարկե ամեն ինչ անելու է լարվածությունը պահելու համար, իսկ հայկական կողմն էլ պետք է ամեն ինչ անի Ադրբեջանին զսպելու, գործողության հնարավորություն չտալու, իսկ անհրաժեշտ դեպքում վերջնական հարված հասցնելու համար:
Պաշտպանության նախարարն այլ կերպ չպետք է արտահայտվի: Նա պետք է հավաստիացնի, որ բանակը պատրաստ է պատասխանել հակառակորդին եւ հասցնել վերջնական հարված: Իրականում ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը, հարց է, որի ամբողջական պատասխան ստանալը թերեւս հնարավոր չէ: Ի վերջո, թե հայկական, թե ադրբեջանական կողմերը ունեն ռազմական պատկերի դետալներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Բայց մի բան աներկբա է՝ Ադրբեջանն առնվազն չունի հայկական կողմին հաղթելու կարողություն, չնայած ռազմական բյուջեի գերազանցությանը:
Դա արդեն կարեւոր հանգամանք է: Սակայն, երբ խոսքը իրավիճակի եւ դրա զարգացման տրամաբանության մասին է, ապա այստեղ անկասկած բանը միայն ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը չէ, այլ ռազմա-քաղաքական:
Հենց այդ առումով, պաշտպանության նախարարը պետք է ասի այն, ինչ ասում է Լեւոն Մնացականյանը: Դա ռազմա-քաղաքական հավասարակշռության կարեւոր գործոն է, որը տարիներ շարունակ հայկական կողմում եղել է բաց: Ընդ որում, բաց այն աստիճան, որ ժամանակին Հայաստանի պաշտպանության նախարարը, հավակնելով դառնալ նախագահ եւ այդ գործում ունենալ այսպես ասած միջազգային լեգիտիմություն, կարող էր հայտարարել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ տարածքներն էլ վերցվել են որպես բանակցային գործընթացում «փոխանակման» ռեսուրս:
Ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտումը գործնականում սկսվել է հենց այդ ժամանակ, իսկ գուցե նաեւ ավելի առաջ: Բանն այն է, որ հայկական զինված ուժերը հրադադարի հաստատումից հետո չեն դարձել ռազմա-քաղաքական միավոր: Նրանք դե ֆակտո եղել են այդպիսին, իրականացրել են այդ առաքելությունը, սակայն չեն հանդիսացել ռազմա-քաղաքական սուբյեկտ, չեն եղել հայկական պետական քաղաքականության սուբյեկտ:
Մինչդեռ, պատերազմը հաղթանակով ավարտած, բայց հաղթանակը միջազգային ասպարեզում դե յուրե ամրագրելու խնդիր ունեցող պետականության պարագայում զինված ուժերը, պաշտպանական գերատեսչությունը պետք է լինեին պետական քաղաքականության սուբյեկտ եւ չբավարարվեին լոկ ռազմական գործառույթներով: Առավել եւս, դրանք «չընդմիջեին» լոկ ներքին կյանքում քաղաքական իշխանության պահպանմանը ներգրավվելով:
Սերժ Սարգսյանը 2016 թվականի աշնանը պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս հայտարարում էր, թե եկել է ռազմա-քաղաքական ակտիվ դիվանագիտության ժամանակը: Այդ ժամանակը Հայաստանի համար չի եկել, այդ ժամանակը Հայաստանի համար նույնիսկ ուշացել է:
Լավ է ուշ, քան երբեք, դժբախտաբար դրա համար հայկական զինուժը տվեց թանկ կորուստներ՝ ապրիլյան պատերազմում: Բայց, հետագայում այդօրինակ կորուստներից խուսափելու համար զինված ուժերը դե ֆակտո ռազմա-քաղաքական առաքելության իրականացման պարագայում պետք է հրապարակային մակարդակում սուբյեկտություն դրսեւորեն այդ առաքելության ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական բաղադրիչի առումով:
Առավել եւս, որ զինված ուժերը կանգնած են ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային անվտանգության համակարգի սահմանին: Ադրբեջանն իր քաղաքականությամբ, նաեւ իր պետական որակներով սպառնալիք է միջազգային անվտանգությանը:
Միջազգային անվտանգության համակարգ ասվածը լոկ ֆիզիկական կամ աշխարհագրական հասկացություն չէ, այլ քաղաքակրթական՝ արժեհամակարգային: Այդ անվտանգությունը սկսում է ավելի խորքից, քան միայն ռազմական բաղադրիչը: Այդ խորքում արժեքներն ու առաջնահերթություններն են, որոնցով ապրում է միջազգային հանրությունը:
Հայկական զինուժը խոշոր հաշվով այն աշխարհքաղաքական եզակի կետերից է, որը կամա, թե ակամա ուժային մի շարք կենտրոնների կոնսենսուսային հարթակ է՝ չնայած այդ կենտրոնների շահերի սկզբունքային տարբերությանը մի շարք խոշոր հարցերում, այդ թվում Կովկասի վերաբերյալ:
Հայկական զինուժն այդ շահերի նվազագույն «պահեստարանն» է, որովհետեւ եթե չպահի իր ռազմա-քաղաքական դիրքը հայկական զինուժը, գործնականում իրենց շահը կորցնելու են ուժային բոլոր կենտրոնները, չի լինելու շահող, փլուզվելու է եվրոպական ու եվրատլանտյան անվտանգության համակարգի մի կարեւոր օղակ՝ շատ մոտ, կից օղակ:
Արցախի պաշտպանության նախարարի հայտարարությունը վերջնական հարվածի մասին, գործնականում իր համատեքստում արտացոլում է այդ իրավիճակը, այսինքն հայկական զինված ուժերի վրա ձեւավորված աշխարհքաղաքական կենսենսուսի նվազագույն սահմանը, որից այն կողմ նահանջի տեղ չունի ոչ ոք, եւ հետեւաբար դրանից այն կողմ սպառնալիքը արդեն արժանանալու է բոլորի հարվածին՝ որը կիրականացնի հայկական զինուժը: Այդ իմաստով, Լեւոն Մնացականյանի հայտարարությունն արձանագրում է, որ հայկական զինուժը կանգնած է վերջին կետի վրա, որից այն կողմ նահանջը այլեւս միայն Հայաստանի եւ Արցախի խնդիրը չէ, այլ՝ աշխարհքաղաքական գործնականում բոլոր կենտրոնների, հետեւաբար բարդ վիճակում կհայտնվի Ադրբեջանը, եթե վիճարկի այդ սահմանը որեւէ լայնամասշտաբ սադրանքով:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am