Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։

-Պարոն Գյուրջինյան, ընդունելության քննությունների ընթացակարգում ԿԳՆ-ն փոփոխություններ է նախատեսել։ Մասնավորապես, դիմորդները հնարավորություն կունենան նույն առարկայից երկրորդ անգամ քննություն հանձնել: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։ Սա դրակա՞ն, թե բացասական երանգավորում կարող է ունենալ։

-Կրթության և գիտության նախարարության այս որոշումը հիմնականում դրական եմ գնահատում: Դիմորդը թող իր գիտելիքները ստուգելու ևս մեկ հնարավորություն ունենա և եթե հաջողի, ապա կընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություն: Սակայն որոշումը դիտարկենք այլ տեսանկյունից: Համալսարաններին այն ձեռնտու է, քանի որ դիմորդների թիվն էապես նվազել է, և սպասելի է, որ մի շարք մասնագիտությունների գծով թափուր տեղեր կլինեն: Այս ճանապարհով որոշ չափով կմեղմանա համալսարանների «կորստյան ցավը»: Ինձ թվում է՝ որոշումը թելադրված է Հայաստանի ժողովրդագրական ներկա վիճակով, երբ ունենք նախորդ տարիների համեմատ ավելի քիչ շրջանավարտներ և, բնականաբար, ավելի քիչ դիմորդներ: Թե չէ ինչո՞ւ հենց հիմա որոշեցին մտահոգվել քննությունը ձախողած դիմորդի մասին: Միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ հիշյալ որոշումը կրթության ոլորտի որևէ հարցի էական լուծում չի տալիս: Համալսարանների ընդունելության հարցն է կրկին օրակարգային, մինչ կուտակված, լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ սրանով փորձ է արվում ավելի դյուրին դարձնել բուհ ընդունվելը։

-Կարծում եմ, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելը հեշտ պիտի լինի, անգամ առանց քննությունների, եթե մենք, իհարկե, հավատում ենք ավագ դպրոցների ավարտական վկայականներին և այնտեղ «փայլատակող» գնահատականներին:

-Ի՞նչ եք կարծում, լա՞վ է, որ բուհի դռները բաց են գրեթե բոլորի առաջ։

-Այո՛, թող ընդունվեն համալսարաններ: Բայց դա չի նշանակում, որ չսովորողը կամ գիտելիքներ չունեցողը պետք է կուրսից կուրս տեղափոխվի և տարիներ անց ստանա բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ: Համալսարանում սովորելը հեշտ չպիտի լինի, դա իսկապես բարձրագույն կրթություն պիտի լինի: Գնացեք մասնակցեք համալսարանական ավարտական քննություններին: Կապշեք. երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մարդը հանրակրթական դպրոց է ավարտում կամ էլ, սարսափելի բան եմ ասում, հիմնական դպրոց: Ուսանող ունենալու, ֆինանսական միջոցներից չզրկվելու մարմաջը հանգեցրել է նրան, որ շատերի մեջ (համալսարաններում և հասարակության մեջ առհասարակ) այսպիսի մտայնություն է ձևավորվել. ընդունվել է, պիտի ավարտի:

-Պարոն Գյուրջինյան, վերջերս կառավարությունը որոշում ընդունեց դպրոցների օպտիմալացման հետ կապված։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։ Արդյունքը գերազանցելո՞ւ է հետևանքին։

-Դպրոցների միավորման կամ փակման հարցն էլ ժողովրդագրական վիճակի թելադրանքով է իրականացվում: Բնական չէ դասարանում երկու կամ երեք աշակերտ ունենալը: Կամ դպրոց պահել, որտեղ ուսուցիչներն աշակերտներից շատ են: Խնդիրը մասամբ է կրթական: Որպեսզի դպրոցներ չմիավորվեն կամ փակվեն, պետք է այնպես անել, որ մարդիկ իրենց զավակներով չհեռանան հայրենի բնակավայրերից, Հայաստանից: Դպրոցները աշակերտներով կլցվեն, եթե ներգաղթ կազմակերպվի, բայց դրա հիմքերը ես այս պահին չեմ տեսնում: Արտագաղթն է շարունակվում:

-Գաղտնիք չէ, որ կրթական համակարգը մեզնում կաղում է։ Ի՞նչ է հարկավոր, որպեսզի որոշ չափով համակարգը Հայաստանում բարելավվի։

-Կրթության և գիտության նախարարությունը շատ ուրիշ անելիքներ ունի, որին սպասում է հասարակությունը: Նա, օրինակ, պետք է վերացնի տխրահռչակ շտեմարանները, որոնք (այլ գործոնների հետ) քանդեցին դպրոցական ուսուցումը: Հենց այդ պատճառով է, որ համալսարաններում հայտնվում են հանրակրթական լիարժեք կրթություն չստացած մարդիկ: Երկու-երեք առարկայի գծով նախապատրաստվում են համալսարան ընդունվելուն՝ անտեսելով հանրակրթական շատ կարևոր առարկաներ: Դրա համար էլ համալսարաններում հայտնված երիտասարդներ կան, որոնք չգիտեն, թե որտե՛ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը, Դանիել Վարուժանը արևմտահայերե՞ն է ստեղծագործել, թե՞ արևելահայերեն, ո՛րն է Հունաստանի կամ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը և այլն, և այլն: Ոմանք այդպես էլ ավարտում են: Էլ չխոսենք մասնագիտական գիտելիքներից, կարողություններից ու հմտություններից: Այս սա՛ չպիտի թույլ տալ (այդպիսիք դպրոցի ավարտական վկայական էլ չպիտի ունենային):

Անորակ մասնագետը հետո պատիժ պիտի դառնա իր ոլորտում: Կիսագրագետ ուսուցիչը քառասուն տարի ավերելու է իր սաների կրթության գործը: Այդպես էլ թերուս բժիշկը և մյուսները: Բոլորիս է հայտնի, որ բարձրագույն կրթություն ստացածներից շատերն իրենց մասնագիտությամբ տեղ չեն գտնում աշխատաշուկայում: Դրա համար էլ ունենք օտար լեզուների մասնագետ գանձապահներ ու վաճառողներ, ճարտարագետ առաքիչներ, գյուղատնտեսի դիպլոմով վարորդներ և այլն: Այս հարցերը լուրջ քննարկման ենթակա պիտի լինեն. ի՞նչ է պետք մեր երկրին, որքա՞ն մասնագետներ, արդիակա՞ն են նրանց հաղորդվող գիտելիքները, ովքե՞ր են դասախոսում 21-րդ դարի ուսանողներին... Չպիտի մոռանանք, որ այդ ուսանողների մեջ կան նաև կիրթ, բանիմաց, առաջադեմ մարդիկ, որոնց չի գոհացնում իրենց կրթությունը: Սրանց համեմատ այն հարցը, թե դիմորդը մեկ անգամ քննություն կհանձնի, թե՞ երկու, հավատացե՛ք, էական չէ:

Նյութի աղբյուրը `Hraparak.am