Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր անդրադարձավ այն հարցին, թե Արդբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի բավականին սրված լինելը կարո՞ղ է հանգեցնել որոշակի անկանխատեսելի զարգացումների հենց Ադրբեջանի ներսում։
«Ըստ էության՝ վերջին երեք տարիներին մեկը մյուսի հետևից անկանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ ներքին խնդիրները քողարկելու նախկին մարտավարությունն այլևս չի աշխատում, և դա պայմանավորված է այդ խնդիրների քանակի մեծացմամբ և դրանց որակական իրավիճակի սրվելով»,- ասաց նա։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը դեռևս գահավիժում է, խնդիրները շատանում են, և արդեն նախկին մեթոդներով դրանք հնարավոր չի լինելու լուծելը։
«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը՝ ձերբակալությունները, որոնք երեկ էլ եղան, և ոչ միայն՝ քաղաքական ընդդիմախոսների, այլև՝ տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչների մակարդակով, ցույց են տալիս, որ փորձելու են հնարավորինս ռեպրեսիվ մեթոդներով պահպանել վերահսկողությունը գործընթացների վրա, մինչև հասկանան, թե որո՞նք են դրա հնարավոր լուծումները»,- հավելեց քաղաքագետը։
Հարցին՝ դա կարո՞ղ է ազդել պատերազմի վերսկսման վրա, Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ պատերազմը հեշտ չէ վերսկսելը, և Ալիևը հասկանում է, որ նման ռեսուրս չունի, և, նրա կարծիքով՝ այս տարվա հունվարի դիվերսիոն փորձի տապալումը ցույց տվեց, որ իրենց հատուկ նշանակության զորքերը պատրաստ չեն ապրիլյան սցենարին, իսկ հայկական կողմն ավելի պատրաստ է դրան։
«Դրա համար վստահություն չունեն, որ կարող են պատերազմ սկսել ու հաջողություն ունենալ, բայց լոկալ բախումներ, ցուցադրական միջադեպեր, որոնք ակնառու կդարձնեն լարվածության աստիճանը, հնարավոր է՝ լինեն, և վստահ եմ, որ լինելու են։ Պատերազմ սկսելու և, առավել ևս, հաջողության հասնելու պոտենցիալ Ադրբեջանը չունի, և դրա համար կփորձեն հնարավորինս խուսափել դրանից»,- նկատեց քաղաքագետը։
Նյութի աղբյուրը՝ 168.am