Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը Yerevannews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունները հետաձգելու համար. «Մենք որոշում ենք ընդունել, սկսել այդ գործընթացը: Բայց ՍԴ-ն շաբաթ և կիրակի օրերին չի աշխատում: Օրենքում ասված է, որ թեկնածուն կարող է ՍԴ դիմել ընտրության օրից 8 օր առաջ: Վերջնաժամկետը դա է: Իսկ մենք ցանկանում ենք վերջնաժամկետին դիմել, մենք սկսում ենք գործընթացը»:
Պարույր Հայրիկանի նախընտրական շտաբի համակարգողը տեղեկացրեց նաև, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան և նշելու են ժամկետներ. «Այսինքն այդ ժամանակահատվածում կարող է և փոփոխություններ լինել, չեմ կարող ասել»:
Այն հարցին, թե ինչու՞ այնուամենայնիվ Պարույր Հայրիկյանը փոխեց իր որոշումը, Մանյա Այվազյանը պատասխանեց. «Մենք մեր որոշումների մեջ փոփոխություններ չենք արել: Մենք այն ժամանակ ասել ենք, որ այժմ չենք դիմի Սահմանադրական դատարան, նկատի ունենալով, որ Հայրիկյանի վիճակը կարող է լավանալ: Նա այն համոզման էր, որ կարող է հանել իր թեկնածությունը, քանի որ չի կարող լիարժեքորեն որպես թեկնածու հանդես գալ հասարակությանը: Բայց մենք ընդհանուր որոշման եկանք և որոշեցինք օգտվել այդ հնարավորությունից»:
Վերջինիս խոսքերով Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն այնքան էլ բարվոք չէ: Նրա աջ ձեռքը գրեթե չի աշխատում, քանի որ վնասվել է ներվը: