Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ:
«Հաղթանակ» զբոսայգում այդ օրը առավոտյան ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից:
Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական ծանոթ համույթները, այնուհետև նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:
Ազատության հրապարակն այդ օրը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:
Ի դեպ, երեխաների սիրած քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերություններն այդ օրը Կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում հատուկ անակնկալներ են պատրաստել փոքրիկների համար։
Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը։