Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ազգության թուրք օլիմպիական մրցավարն է այս սկանդալի գլխավոր հերոսը, ով ամեն անգամ փակում է մեր ըմբիշների ճանապարհը դեպի հաղթանակ: Ամեն ինչ նախապես ծրագրված էր եւ վրացի ըմբիշը դուրս էր եկել մրցագորգ միտումնավոր Արթուր Ալեքսանյանին նյարդայնացնելու: Իսկ գորգի անկյունում բախման կիզակետում մեզ հետ միասին նաեւ Արթուրի հայրն էր, ում վրա հարձակվել էին, իսկ Արթուրը թույլ չտալու համար այդ ամենը դուրս եկավ գորգից:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից պատմեց Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Այս օրերին Վրաստանում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչն ավարտվել էր սկանդալով:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որի ընթացքում հայ ըմբիշի նկատմամբ անարդար մրցավարությունը հանդիսականների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, ինչը վերածվել է վրացիների եւ հայերի միջեւ բախման: Արթուր Ալեքսանյանին որակազրկել են մրցագորգից դուրս գալու համար:
«Այն ինչ տեղի ունեցավ մրագորգում, մրցավարների սարքած գործն էր: Գլխավոր մրցավարը թուրք էր եւ ուզում էր Արթուրին վատություն անել եւ արեց: Ժողովուրդն էլ չդիամացավ, իջան տրիբունաներից եւ բախում առաջացավ մրցավարների հետ: Մենք եւս միջամտեցինք, Արթուր Ալեքսանյանն էլ չդիմացավ, դուրս եկավ գորգից, որ կանխի ծեծկռտուքը: Բայց իրավունք չուներ գորգից դուրս գալ, այդ պատճառով էլ որակազրկեցին: Մրցավարների հետ բախմանը մեզ միասին միջամտել էր նաեւ Արթուրի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Այնտեղ մի պահ նույնիսկ հրմշտոց էր ուզում հասունանար, վրացիներից ոմանք հարձակվել էին Գեւորգ Ալեքսանյանի վրա, Արթուրն էլ չդիմացավ եւ եկավ սաստելու:
Բողոքարկելու հնարավորություն մեզ չտվեցին: Այնպես էին ամեն ինչը կազմակերպել, որ չկարողացանք, չհասցրեցինք բողոքարկել: Գորգի մրցավարը վրացի էր, իսկ գլխավոր մրցավարը թուրք: Առաջին երկու միավորը վրացի ըմբիշին ուղղակի նվիրեցին, ոչ մի բան չարած եւ նույնիսկ պասիվ գոտեմարտ անցկացնելով՝ նրան երկու միավոր շռայլեցին: Վրացի ըմբիշը կյանքում ոչ մի բան չէր հաղթել, սովորական ըմբիշ է առանց բարձր տիտղոսների: Իրենք ուզում էին այնպես անել, որ իրենց ըմբիշը հաղթի եւ հատուկ պատրաստված դուրս էին եկել, որ նյարդայնացնեին Արթուրին:
Հանդիսականներն էլ, մեր երկրպագուները դահլիճ լցվեցին: Կռիվ ստեղծողները մրցաշարի անվտանգությունն էին եւ մրցավարները: Մեր կողմից կռվին միջամտել էին մեր մարզիչները, մարզիկները եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր երկրպագում էին Արթուրին: Այս սկանդալի գլխավոր հերոսը թուրք մրցավարն էր, ով FILA-ի օլիմպիական մրցավար է եւ ամեն անգամ է Հայաստանի ճանապարհը փակում դեպի հաղթանակ:
Որակազրկումն ազդում է միայն այս մրցաշարի վրա: Հաջորդ տարի Արթուրը կարող է մասնակցել այս մրցաշարին: Կարեւորն այն է, որ Արթուրը կռվի չի մասնակցել, ոչ մեկին չի հարվածել, չի հայհոյել, նա զուտ ցանկանում էր հանդարտեցնել, կանխել ծեծկռտուքը եւ թույլ չտալ, որ իր հորը եւ անձնական մարզիչին հարվածեն»,- ասաց Սամվել Գեւորգյանը: