Lragir.am-ը գրում է.

Ամերիկյան Showtime հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որում ռեժիսոր Օլիվեր Սթոունը հարցազրույց է վերցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Հարցազրույցում Պուտինը կոչ է արել չդիվականացնել Ռուսաստանը: Նա նշել է, որ մատների վրա կարելի հաշվել պետությունները, որոնք ինքնիշխանություն ունեն:
«Շատ երկրներ շղթայված են այսպես կոչված դաշնակցային պարտավորություններով: Ըստ էության, նրանք իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանափակել են սեփական ինքնիշխանությունը», ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանը «մեկ գիշերվա» ընթացքում, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, որոշել է մտնել Եվրասիական միություն եւ դրանով «շղթայել իրեն դաշնակցային պարտավորություններով»: ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով կտրուկ անկում են ապրել տնտեսական ցուցանիշները, առեւտրային կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ, ընկել է անվտանգության մակարդակը, որի գագաթնակետն ապրիլյան պատերազմն էր:
Զբիգնեւ Բժեզինսկին Էդուարդ Աբրահամյանի հետ զրույցում ասել էր, որ զարմացած է, թե ինչպես է Հայաստանը պաշտպանում Ռուսաստանի շահերը՝ չմտածելով սեփական շահերի մասին:
Հավանաբար նույնքան զարմացած է Վլադիմիր Պուտինը, ով չի հասկանում, թե ինչպես կարելի է «սեփական նախաձեռնությամբ սահմանափակել սեփական ինքնիշխանությունը»:
Պուտինը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել եվրոպական երկրները, որոնք «շղթայված են» ՆԱՏՕ-ով եւ Եվրամիությամբ, սակայն Հայաստանը պետք է դասեր քաղի «ռազմավարական դաշնակցի» խոսքերից:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am