Մայրական կողմով տատս՝ Շուշանիկ Բակունցը շատ էր պատմում Ակսել Բակունցի մասին, բայց իմ հիշողության մեջ տպավորվել է մի բան։ Ակսելը նստել էր տատիկիս օժիտի վրա, ու օժիտը չտվեց այնքան ժամանակ, մինչև փեսացուի կողմը նրան «նվեր չարեց»։ Ադաթ էր։
Շուշանիկ տատիս մահից հետո, փոքր էինք, շատ բան չէինք հիշում, մայրս էր պատմում՝ հիշելով Ակսել Բակունցի ձերբակալության օրերը։ Քույրս՝ Սուսաննա Բաբաջանյանը, գրառել է, ու այն ուզում եմ ներկայացնել՝ գիտակցելով կարևորությունը․
Պատմում է մայրս՝ Ժենյա Հովակիմյանը․
...Այն ժամանակ ես 8-9 տարեկան էի, պայծառ հիշում եմ, երբ մայրս` Շուշանիկ Բակունցը և Բոխճագյուլ ազին՝ Ակսելի Բակունցի մայրը, (մենք ապրում էինք մի տան պես, և Բոխճագյուլ ազին մորս հորեղբոր՝ Ստեփանի կինն էր), ծնկները ծեծելով սուգ էին բարձրացրել, խուճապահար թաքցնում էին Բակունցի գրքերը, նրա մինուճար որդուն` Սևադային:
Ծանր, սև ամպեր էին կախվել մեր տների վրա...
Տասնմեկ-տասներկու տարեկան էր Սևադան, Բակունցի հայրական տնից նրան գիշերով հանել էր Բոխճանգյուլ ազին ու հայրը՝ Ստեփանը:
Բարեկամները զգուշանում էին իրենց տներում տեղ տալ տղային ու թաքցնել: Վտանգը չափազանց մեծ էր:
Մայրս ամիսներ շարունակ մեր տան կտուրում էր պահում Սևադային, այնտեղ էլ կերակրելով նրան, հմտորեն թաքցնելով տեղի և Երևանից Գորիս լցված ոստիկանական խմբերից:
Թեպետ երեխա էի, չէի հասկանում, բայց բնազդով զգում էի այն ողջ վախն ու սարսափը, որ տիրում էին մեր տների շուրջ:
Մահվան սպառնալիքով էլ լիներ, մենք՝ երեխաներս չէինք խոսում Սևադայի գտնվելու վայրի մասին, անունն էլ մեզ արգելել էին տալ...
Հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչպես էր ծնողներիս հաջողվել այնպես անել, որ մեր մանկական լեզուն ատամների տակ պահենք...
Միայն մայրս էր կտուրը բարձրանում՝ Սևադային կերակրելու, այն էլ՝ շատ ուշ գիշերով, երբ ողջ քաղաքը քնած էր լինում...
Բակունցի բոլոր բարեկամների տները այդ ընթացքում տակնուվրա էին արել, այդպես էլ չգտնելով ոչ գրողի ձեռագրերը, ոչ էլ նրա որդուն:
Նրանք այդպես էլ չկասկածեցին, որ Բակունցի որդին կարող էր մեր կտուրում լինել՝ քուրջ ու փալասի, խառնիխուռն իրերի մեջ պատսպարված...
Ձեռագրերի մի մասը Բոխճագյուլ ազին նույնպես խուճապահար բերել էր մեր հսկա այգին, հորել հողի մեջ:
Հայրս, որ բնույթով չափազանց կատակասեր էր, հիշում եմ, մորս մի անգամ ասաց՝ Շուշան աղջիկ, հորդ տնից խեր չկա, կրակ ու բոմբ /ռումբ/ ես պերալ տիրալ տանս տակ, որ պայթեց, սաղս օդն ենք թռնելու...մի սուրու խոխերք օնենք, անտեր ու եթիմ չմնան...
Բայց քանի որ հայրս նաև շատ բարի ու առատաձեռն մարդ էր, ժամանակին Անդրանիկի զորքին կերակրած ու օթևանած, մինչև վերջ, քանի դեռ վտանգը առկա էր, մեծահոգաբար իր տան տակ դրած և՛ ոումբը հանդուրժեց, և՛ իր ձեռքով հորած՝ Բակունցի ձեռագրերը..
․․․․․
Բակունցի շորերի հետ Բոխճագյուլ ազին ու Ստեփանը ստացել են նաև ցավակցական տեղեկագիր բանտապետից՝ իրենց վորթու անժամանակ մահվան առթիվ...
Մտել են տուն, դռները պինդ փակել ու` թուհ ձեր նամուսին ասել...