Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երեւան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերին:
Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: «Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձեւավորման գործում»: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ` ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր եւ պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը եւ հավաստիացրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: