Մամուլում այսօր տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից երկուսի կոմերցիոն տնօրենն ու գլխավոր հաշվապահը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են: Այս առիթով «zham.am»-ը մեկնաբանություն խնդրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, որն ասաց հետեւյալը.

«Ցանկացած հրապարակման մեջ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելու որոշ լրագրողների մոլուցքն արդեն անցնում է խելամտության բոլոր սահմանները, քանի որ այս դեպքում բացի նրանից, որ տեղեկատվության մի մասն ընդհանրապես իրականության հետ անգամ հեռավոր առնչություն չունի, նաև լուրջ մտորելու առիթ է տալիս հեղինակի մտահորիզոնի սահմանափակ ու խեղված լինելու մասին: 

Նախ՝ հրապարակման մեջ նշված «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ն, որի կոմերցիոն տնօրեն Հովիկ Հակոբյանը ձերբակալվել է, ընդհանրապես որևէ առնչություն չունի ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ: Ձերբակալված մյուս անձնավորությունը՝ Գևորգ Հակոբյանը, այո՛, աշխատել է «Կլեոպատրա» ՍՊԸ-ում և Երևանի քիմիադեղական գործարանում, որոնցում Գագիկ Ծառուկյանը բաժնեմաս ունի: 

Սակայն տեղի ունեցած միջադեպը Գևորգ Հակոբյանի մասնագիտական և աշխատանքային գործունեության հետ որևէ առնչություն չունի, և փորձել շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը առնվազն խորհուրդ չեմ տա: Արդեն իսկ պարզ է , որ տեղի ունեցածը ընտանեկան ողբերգություն է, միջադեպն էլ կենցաղային հողի վրա է տեղի ունեցել, և աստված մի արասցե, բայց ոչ ոք ապահովագրված չէ նման դժբախությունից: 

Պարզապես իմ գործընկերներին խորհուրդ կտամ մի պահ կանգ առնել, հերթական չակերտավոր սենսացիոն վերնագիրը երկնելուց առաջ մի պահ մտածել, արդյո՞ք աղմկահարույց վերնագիրը կամ իրենց լրատվամիջոցի դիտելիության տոկոսի չնչին բարձրացումը ավելի կարևոր են, քան մարդկային ու մասնագիտական ամենատարրական սկզբունքները, որոնց մասին ամեն քայլափոխի մոռանում են»: