Արցախում հունիսի 16-ին, հակառակորդի կրակոցից զոհված 3 զինծառայողներից 20-ամյա Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը նշեց, որ Վարդան Սարգսյանը ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից մեծ երկու քույր: Վարդանը ծանր սոցիալական պայամններում ապրող ընտանիքից էր, հայրը անտառապահ է եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Վարդանը զորացրվելու էր մի քանի ամսից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր հակառակորդի կրակոցի հետեւանքով 3 զինծառայող է զոհվել:
Արցախի ՊԲ փոխանցմամբ, հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):