Ռուսաստանի Դաշնությունում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով 6 տարվա եւ 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղափոխվի Մոսկվա, ապա Հայաստան: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով, դատարանը նախօրեին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու վերաբերյալ: 5-7 օրվա ընթացքում նա կտեղափոխվի Մոսկվա, որից հետո արդեն Երեւան:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտն արդեն վերացված է:
Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:
Հրաչյա Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ. հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հայ վարորդը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: