Հունիսի 16-ին Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում վիրավորված 33-ամյա պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանի աչքերի վիրահատությունը հաջող է անցել։ Հիմա Հովհաննիսյանին տեղափոխել են հիվանդասենյակ, նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։ Այս մասին հայտնում են Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնից, որտեղ նրան վիրահատել են։
Վիրավորման հետեւանքով Հովհաննիսյանի երկու աչքն էլ վնասվել էր՝ մի աչքում օտարածին մարմին կար, իսկ երկրորդը տուժել էր այրվածքից։ Նրա տեսողությունը գնահատելը, մասնագետների խոսքով, հնարավոր կլինի մի քանի օր հետո, երբ նրա աչքերից կհանվեն վիրակապերը։
Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Իսկ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Եւս 2 զինծառայող վիրավորում է ստացել։