Արցախում՝ հունիսի 16-ի առավոտյան, հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանին այսօր՝ հունիսի 19-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին։
Զոհված զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո սգո թափորը շարժվեց Նարեկի հարազատ տան բակ, ապա գերեզմանատուն։
Թաղման արարողությանը մասնակցում էին ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, Նարեկի ծառայակից ընկերները։
Ավելի վաղ 20-ամյա Նարեկի բարեկամները պատմել էին, որ նա ծառայությունն ավարտելու էր մեկ ամսից:
«Մայրն ամեն օր հաշվում էր, թե քանի օր է մնացել Նարեկի գալուն: Հայրն էլ տուն էր վերանորոգում, որ տղայի բանակի քեֆն անի»,- ասաց բարեկամուհին:
Նարեկը Երեւանի բնակիչ էր, ունի 2 քույր ու 1 եղբայր, որը մեկ տարի առաջ է բանակից վերադարձել:
Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողն ավելի վաղ պարգեւատրվել էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 16-ին, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: