Lragir.am-ը գրում է.
Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում կառավարությունը ներառել է այն առաջարկությունները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները դեռևս 2011-2012 թվականներին էին ներկայացրել կառավարությանը:
Մոտ 5 տարի անց կառավարությունը հավանություն տվեց այս միջոցառումներին, որոնցով նախատեսվում է ռազմական արդյունաբերությունում համակարգային բարեփոխումներ անել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը Lragir.am-ին ասաց, որ մոտ 5 տարի առաջ էին իրենք այս առաջարկներն արել կառավարությանը: Առաջարկների գերակշիռ մասը ներառվել են միջացառումների ցանկում, և, Կարեն Վարդանյանի խոսքով, միայն զենքի արտահանում կազմակերպելու հարցն է բաց մնում:
Ըստ մասնագետի, լավ է, երբ կառավարությունը նման միջացառումներ է նախանշում, բայց պետք է առարկայական տեսնել, թե դրանց տակ ինչ ծրագրեր են մշակվում:
Այս փաստաթղթով, որը կառավարությունը վերջին նիստերից մեկում հաստատեց, նախատեսվում է Հայաստանի զինված ուժերի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքների և դրանց իրականացման նպատակով անհրաժեշտ ելակետային տվյալներ մշակել և ռազմագիտատեխնիկական ուղեկցման համար ռազմական գիտահետազոտական կառույց ստեղծել: Նախատեսվում է նաև երկրի անվտանգության ապահովման համար, որպես առաջին քայլ, գլխավոր կոնստրուկտորների ինստիտուտի ներդրում:
Կառավարությունը մտադիր է նաև ռազմարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական համալիրի գիտահետազոտական, բուհական, արտադրական և տնտեսության այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտական ու գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող տեխնոլոգիական բազայով կազմակերպություններ ստեղծել, որոնք կապահովեն ՌԱՀ-ի զարգացումը և արդիականացումը` երկրի ռազմական անվտանգությունն ապահովելու նպատակով:
ՏՏ ոլորտի մասնագետները ապրիլյան պատերազմից հետո բարձրացրել էին վերոնշյալ խնդիրները, նշել, որ Հայաստանը պետք է սեփական անվտանգության համակարգերով պաշտպանի սահմանը, ինչն էլ հավանաբար ստիպեց, որ կառավարությունն այս փուլում ներկայացնի նման միջոցառումների ծրագիր: ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանի խոսքով՝ այս միջոցառումները պետք է վաղուց արվեին: Բացի այդ, ըստ մասնագետի, դեռևս լրացման կարիք կա:
«Կարծում եմ՝ սա միակ փաստաթուղթը չի լինի, էլի փաստաթղթեր կլինեն, որոնցով նաև աշխատանքներ կտարվեն զենքի արտահանման ուղղությամբ: Եթե նման միջոցառումներ են արվում, ապա պետք է լինի նաև զենքի արտահանման հարցը: Որպեսզի Հայաստանը զենք արտադրի ու արտահանի, նախ պետք է լուծել մասնագետների հարցը: Մեր կրթական համակարգը պետք է համապատասխանեցվի պատերազմող երկրի կրթական համակարգին, որը դեռ չկա, որպեսզի դու լավ մասնագետների մշտական հոսք ունենաս ոլորտ»,- ասաց Վարդանյանը:
Ըստ մասնագետի՝ պետք է հատկապես օգտագործել Պոլիտեխնիկ ինստիտուտի ներուժը, որը պետք է լինի ռազմական գիտահետազոտական ու կրթական կառույց:
«Հիմա կարծում եմ, որ նմանատիպ կառույց պետք է ստեղծվի հենց պոլիտեխնիկի բազայի վրա, որտեղ սովորողներն ամբողջ ընթացքում կլուծեն ռազմական խնդիրներ: Կարծում եմ, որ այդ ուսանողները տարեկան 4-5 ամիս պետք է համապատասխան ստորաբաժանումներում անցկացնեն՝ փորձարկելով իրենց լուծումները, ճշտելով դրանք»,- ասաց նա:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ ժամանակը քիչ է, պետք է ամեն ինչ արագ անել:
«Այսօր աշխարհում իրավիճակն այնպես է փոխվում, որ չպետք է հապաղել: Միայն այսօրվա սահմանային լարվածությամբ չպետք է առաջնորդվել, տարածաշրջանն այնպես է փոխվում, որ չենք կարող ասել, թե վաղն ինչ կլինի», հավելեց մասնագետը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am