Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» հեռուստանովելի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ֆիլմում առկա բաց տեսարանների մասին քննարկումները չեն դադարում։ Առավել լայն քննարկման արժանացավ Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան անկողնային տեսարանը, որը բավականին համարձակ էր հայկական իրականության համար։
Սարգսի կինը` Մանոն, Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ ամուսնու` բաց տեսարանում նկարահանվելն իրենց ընտանիքում խնդիրներ չի առաջացրել, սակայն ինքը սրտնեղել է ծավալված խոսակցություններից։
«Բնականաբար, չեմ կարող ասել, որ որպես կին, ով շատ է սիրում իր ամուսնուն, հիացած էի այդ տեսարանով, սակայն փորձեցի հարցին մասնագիտորեն մոտենալ։ Մենք նախապես խոսել էինք այդ մասին, ամեն ինչ քննարկում ենք, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան, սակայն մի բան է խոսելը, մի բան է տեսնելը։ Գիտեի, որ բաց տեսարան կա, սակայն անսպասելի էր, այդ կադրը չէի սպասում անոնսի մեջ։ Բնականաբար, իմ մեջ առաջացան էմոցիաներ, աննորմալ կլիներ, եթե բացարձակ անտարբեր լինեի։ Սակայն թեթև եմ նայում այդ ամենին։ Ավելի շատ քննարկումներից սկսեցի նեղվել։ Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բո՞ւռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեին»,– պատմեց Մանոն։
Նյութի առբյուրը՝ Tert.am
Դերասանուհին նշեց, որ խանդը տեղ չունի իրենց հարաբերություններում, ավելին` իր համար անհասկանալի է այդ զգացողությունը։ «Դա, երևի, իմ դաստիարակությունից և կողակցից է գալիս։ Կինը սկսում է խանդել, երբ ինչ–որ բան չգիտի, քանի որ շատ լավ զգում է, որ իրենից ինչ–որ բան են թաքցնում։ Սարգիսն ինձ համար թափանցիկ է։ Մենք իրար վստահում ենք և ոչինչ չենք թաքցնում միմյանցից։ Տարիների ընթացքում հասկացել եմ, որ մեր հարաբերությունները շատ ավելի անկեղծ են, քան այն մարդկանցը, ովքեր ասում են` ես երբեք թույլ չէի տա` ամուսինս նման բան աներ, ինչպես ես կարողանում։ Իրականում, նման մարդիկ շատ ավելի շատ բան են թաքցնում իրարից։ Ես 100 տոկոսով վստահում եմ իմ ամուսնուն։ Ինքն այնքան լավ է կարողացել խաղալ, որ իսկապես աժիոտաժ է առաջացրել»,– նկատեց դերասանի կինը։
Մանոյի խոսքով` Սարգիսը չի կարողանում խաբել։ «Նա շատ լավ դերասան է, սակայն կյանքում բացարձակ չի ստացվում ինչ–որ բան խաբել։ Կյանքում շատ վատ դերասան է։ Նույնիսկ մաֆիա չի կարողանում խաղալ։ Եթե սև է, աչքերը բացում է, նայում է ինձ ու գիտի, որ ես գիտեմ ճիշտը։ Երբ հավաքվում ենք խաղալու, ասում է, եթե Մանոն խաղում է, ես չեմ խաղում։)»,– ասաց դերասանուհին ու նշեց, որ ինքն ու ամուսինն իրար շատ լավ են ճանաչում, քանի որ մինչև ամուսնությունը լավ ընկերներ են եղել և հնարավորություն են ունեցել իրար ճանաչել կողքից։ «Երբ առաջին անգամ ես ու Սարգիսը դուրս էինք եկել զբոսնելու, նա ուզում էր իմ ձեռքը բռնել, չգիտեր` ինչպես։ Ես արդեն այնքան լավ էի ճանաչում իրեն, որ գիտեի` այդ խոսքից հետո ցանկանալու է ձեռքս բռնել, ծիծաղեցի։ Միշտ ասում էր` դու առաջին աղջիկն ես, որին չգիտեմ` ինչպես մոտենամ»,– հիշեց նա։