Երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետեւանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն:
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի՝ այսօր՝ հունիսի 21-ին տարածած հաղորդագրությանը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ եւ գերեվարվել մեկ հայ զինծառայող, նշվում է, որ դա հերթական ապատեղեկատվություն է:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետեւանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում եւ փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության անդրադարձել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով. «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական Զինված ուժերը որեւէ դիվերսիա չեն իրականացրել, առավել եւս որեւէ զինծառայող չեն կորցրել»: