Lragir.am-ը գրում է. 

Սամվել Բաբայանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալից հանվել մաքսանենգ ճանապարհով զինամթերքի տեղափոխման մեղադրանքը, եւ ներկայացված է նոր մեղադրանք՝ փողերի լվացում:

Սամվել Բաբայանի ձերբակալությունը տեղի ունեցավ նախընտրական շրջանում, ինչը անմիջապես կապվեց ՕՐՕ դաշինքի հետ, որի համակիրն էր Բաբայանը եւ աշխուժորեն աջակցում էր դաշինքին: Հետաքրքիր էր այն, որ դաշինքը Բաբայանին հռչակեց քաղբանտարկյալ, սակայն Բաբայանի փաստաբանը մի քանի անգամ հայտարարեց, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում եւ շարունակում է ակնկալել իրավական ճանապարհով արդարության վերականգնում:

Դա՞ է տեղի ունենում: Այսինքն, Բաբայանին այլեւս չեն մեղադրում Իգլայի համար, մեղադրում են փող լվալու համար: Ըստ էության մեղադրանքը մեղմացվում է: Ինչու՞: Իշխանությունն այդպիսով փորձում է կամաց-կամաց բերել իրավիճակի, երբ Բաբայանը ազատ կարձակվի՞՝ պահելով նաեւ իր դեմքը եւ փորձելով տպավորություն ստեղծել, թե ձերբակալումը չուներ քաղաքական շարառիթ, թե՞ տեղի է ունենում այլ բան, եւ նրան ներկայացվում է մեղադրանք, որը հնարավոր կլինի «ճյուղավորել» ավելի լայն շրջանակների վրա, քան Իգլայի մեղադրանքը:

Բաբայանն ի դեպ առաջին գործիչը չէ, որին մեղադրում են փող լվալու համար: Մի քանի տարի առաջ այդպիսի մեղադրանքի թիրախ էր նաեւ Վարդան Օսկանյանը՝ ի դեպ ՕՐՕ նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը: Օսկանյանն այդ մեղադրանքին արժանացավ աշխույժ քաղաքականություն մտնելուց եւ ԲՀԿ անդամ դառնալուց հետո, երբ կուսակցության ցուցակով դարձավ նաեւ ԱԺ պատգամավոր եւ իշխանության հասցեին ունենում էր կոշտ ելույթներ:

Օսկանյանի հարցում գլխավոր դատախազը նույնիսկ դիմեց ԱԺ-ին նրան անձեռնամխելիությունից զրկելու համար, իհարկե բանը չհասավ ձերբակալման, այլ որպես մեղադրյալ ներգրավելուն:

Հետո իհարկե գործը կարճվեց:

Իգլայի գործով Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո մամուլում հրապարակվում էին տեղեկություններ, թե հաջորդ ձերբակալվողը կարող է լինել ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանի ձերբակալություն տեղի չունեցավ, ՕՐՕ դաշինքը չհաղթահարեց խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը, բայց նաեւ չգնաց որեւէ հետընտրական ապակայունացման, ինչի ազդակներ պարունակում էին դաշինքի առաջնորդների նախընտրական հայտարարությունները: Դաշինքը ընտրությունից հետո հայտարարեց, թե չկա հետընտրական զարգացման հանրային պահանջ:

Ընտրությունից հետո դաշինքի ճակատագիրը անորոշ է, առաջնորդները տեւական ժամանակ լուռ էին: Հետո Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեցին գրեթե համաժամանակ: Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանից չի հեռացել եւ լինելու է քաղաքականության մեջ, պարզապես դեռեւս հայտնի չէ ձեւաչափը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ միասնական ընդդիմադիր ուժ ձեւավորելու առաջարկով, որին սակայն որեւէ ուժ կարծես թե չտվեց որեւէ լուրջ արձագանք:

Նախընտրական ՕՐՕ դաշինքից առայժմ լուռ է Վարդան Օսկանյանը: