Երգչուհի Շպռոտը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Հայաստան։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս այցն իր համար շատ սպասված էր։ Առաջին հերթին նա շատ էր կարոտել մայրիկին, հետո ընտանիքին, հարազատներին ու իր քաղաքը` Երևանը։
«Մամայիս հետ հանդիպումն օդանավակայանում էր։ Շատ էմոցիոնալ հանդիպում էր, որովհետև 7 տարի չէինք տեսել իրար։ Չէինք հավատում, որ այդ հանդիպումը, վերջապես, իրականացավ։ Շատ էինք հուզվել։ Մամայիս հետ ինձ դիմավորելու էր եկել նաև քույրս իր երեխաների հետ։ Ընտանիքի զգացողությունն այս 7 տարվա ընթացքում ինձ համար անհասանելի մի բան էր դարձել։ Դա շատ թանկ է ինձ համար։ Հայաստան գալուս գերնպատակը մամայիս և քրոջս տեսնելն էր։ Առանց ընտանիքի շատ դժվար է ապրել օտարության մեջ,– ասաց Անին։
Երգչուհին նշեց, որ Երևանն էլ էր շատ կարոտել. «Առաջին անգամ երեկ իջա քաղաք, հանդիպեցի ընկերներիս։ Կենտրոնը շատ է փոխվել, շատ գեղեցիկ էր ու ինձ համար շատ անծանոթ։ Ես այստեղ եմ մեծացել։ Կան մարդիկ, ովքեր ԱՄՆ գալու առաջին իսկ օրվանից ասում են` սա իմ քաղաքն է։ 7 տարվա ընթացքում ես այնտեղ չեմ ունեցել իմ քաղաքի զգացողությունը»։
Շպռոտն օրինականացրել է ԱՄՆ–ում ապրելու իրավունքն ու այսուհետև ավելի հաճախ կարողանա վերադառնալ Հայաստան։ Այս անգամ երգչուհին 20 օրով է եկել Հայաստան։ Նրա խոսքով` 2 օրվա ընթացքում արդեն հասցրել է ստանալ խնջույքների և միջոցառումների մասնակցելու հրավերներ, սակայն չգիտի` կհասցնի, թե ոչ։ Հայաստան ընդմիշտ վերադառնալու մտադրություն երգչուհին չունի։ «Հիմա արդեն ավելի հաճախ կգնամ–կգամ և բացակայությունս ծանր չի լինի։ Չնայած բոլոր դժվարություններին` ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները։ Շատ լավ երկիր է։ Ես ուզում եմ այնտեղ ապրել։ Իմ կյանքն արդեն դասավորված է Միացյալ Նահանգներում, այնտեղ աշխատանք ունեմ և պետք է վերադառնամ»,– ասաց նա։
Չնայած ԱՄՆ վերադառնալու ցանկությանը` Շպռոտը խոստովանում է, որ իր կյանքը Հայաստանում շատ ավելի հեշտ էր, քան օվկիանոսից այն կողմ։ Երգչուհին Ամերիկայում դժվար ճանապարհ է անցել, տարբեր աշխատանքներ է արել` սկսած հավաքարարությունից։ «Դժվարություններ միշտ կան։ Առաջին 2 տարին բոլորի մոտ են դժվարություններ լինում։ Դա կրիտիկական փուլ է։ Իմ կյանքը ԱՄՆ–ում ավելի դժվար է, քան Հայաստանում։ Անհամեմատելի է։ Բոլորին թվում է` այնտեղ իմ կյանքը շատ ավելի ապահոված է, սակայն այդպես չէ։ Այնտեղ ավելի հեշտ է լավ մեքենա ձեռք բերել, բայց ես այնտեղ շատ ավելի շատ եմ աշխատում, քան Երևանում։ Այստեղ ես ուղղակի երգում էի և ապահոված էի։ Միացյալ Նահանգներում եթե մի օր չաշխատես, սոված կմնաս։ Հայաստանում ես շատ անդարդ եմ ապրել։ ԱՄՆ գնալուց հետո հասկացա` ինչքան անդարդ էի Հայաստանում։ Խոսքս կենցաղի ու ֆինանսական կողմի մասին է, ոչ թե հոգևոր վիճակի»,– ասաց նա։
Շպռոտից տեղեկացանք, որ ԱՄՆ–ում երգելուց բացի այլ աշխատանքով էլ է զբաղվում, սակայն չի ուզում բարձրաձայնել` խոսքն ինչի մասին է։ «Միայն երգելով ես դեռ չեմ կարողանում ապրել այդ երկրում։ Եթե ես լինեի տղա արտիստ, ինձ համար, գուցե, ավելի հեշտ լիներ։ Միացյալ Նահանգներում ավելի շատ նախընտրում են տղա արտիստներին, քան աղջիկներին։ Սեքսիզմը մեր ազգի մեջ է։ Ուզում են իրենց հարսանիքին տղա երգի։ Ես իրենց էլ եմ հականում, մարդիկ ուզում են պարել, ուրախանալ։ Իմ երգերից «Կտրիճ Դավոյի» տակ հիմա բոլորը պարում են, բայց ես ունեմ երգեր, որոնց տակ անհնար է պարել»,– նշեց երգչուհին։
Տարիներ առաջ Անին բավականին հիասթափված հեռացավ Հայաստանից։ Ֆեյսբուքում նա հրապարակումներ էր անում, որ այլևս չի վերադառնալու Հայաստան։ Հիմա նա նույնիսկ չի հիշում այդ մասին։ «Երբ փորձում ես ճիշտ ապրել, մոռանում ես այն ինչ վատ ու նեգատիվ է։ Փորձում ես լավատես լինել։ Եղել են որոշ հիասթափություններ։ Եղավ փուլ, երբ որոշեցի լքել երկիրը։ Պատճառն այն չէր, որ ես խորը հիասթափություն ապրեցի իմ երկրից։ Ես բացարձակ խնդիր չեմ ունեցել Շպռոտի կերպարի հետ։ Բոլորին թվում է` ինձ չընդունեցին, ես էլ այնքան թույլ էի, գնացի ուրիշ երկիր։ Երբեք։ Իմ հիասթափությունը երբեք չի եղել այն, որ ինձ չընդունեցին, ես գնացի։ Ես արել եմ այն, ինչ սիրել եմ և գնահատվել եմ։ Չմոռանանք, որ եղել են «2 աստղ», «Եվրատեսիլ» և շատ այլ լավ, հետաքրքիր բաներ։ Հանդիսատեսն ինձ գնահատել է, ես չեմ կարող ուրանալ դա։ Արտիստն ունի իրեն սիրողների և չսիրողների բանակ, և դա նորմալ է, որ մի արտիստին են 100 տոկոսով ընդունում։ Պարզապես, ես որոշ մարդկանցից էի հիասթափված և չէի ուզում լինել մի քաղաքում, որտեղ կային նման մարդիկ»,– շեշտեց երգչուհին։ Հարցին` այդ մարդիկ այլևս չե՞ն խանգարում իրենց գոյությամբ, նա պատասխանեց. «Այդ մարդիկ միշտ կան, ուղղակի պիտի կարողանաս ճիշտ դիրք ունենալ, որպեսզի մեկդ մյուսիդ չխանգարեք։ Միացյալ Նահանգներում ես ինձ շատ ապահով եմ զգում։ Այստեղ ոչ մեկս այդքան ապահով չենք։ Սակայն սա մեր հայրենիքն է, չպիտի ուշադրություն դարձնենք դրան։ Եթե կարողանայի, ավելի շուտ կգայի Հայաստան, ուղղակի չեմ կարողացել»։
Ի դեպ, տարեսկզբին Tert.am Life–ին տված հարցազրույցում Անին ասել էր, որ այս տարվա ամենամեծ ցանկությունը մայրանալն է։ «Մայրիկիս տեսնելու ցանկությունս առաջ ընկավ։ մամայիս տեսա, մնաց մայրանամ։ Տարին դեռ առջևում է»,– եզրափակեց երգչուհին։
Նյութի աղբյուրը` Tert.am