Tert.amLife-ը գրում է.
Tert.am Life–ի «Տղամարդու աչքով» խորագրի ներքո շարունակում ենք ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց` ըստ հայտնի տղամարդկանց։ Այս անգամ բացահայտում ենք դերասան Սարգիս Գրիգորյանի կարծիքը գործընկերուհիների մասին։ Դերասանն առաջին պահին դիմեց կնոջ` Մանոյի օգնությանը, սակայն ինքնուրույն կողմնորոշվեց, թե ովքեր են ամենաոճայիները։ Նա շեշտեց, որ առանձնացնում է իրարից շատ տարբերվող 3 երգչուհու, որոնք իրենց ոճով ասելիք ունեն։
Դերասանը նկատեց, որ իր առանձնացրած ոճային կանայք միակը չեն շոու բիզնեսում։ «Մեր աղջիկները լավ են հագնվում։ Եթե համեմատենք, օրինակ, Ռուսաստանի հետ, մերոնք հետ չեն մնում։ Շատ ճաշակով են։ Շոու բիզնեսի կանանց 50-60 տոկոսը շատ ճաշակով են»,– նշեց դերասանը։
Քրիստինե Պեպելյան – Նա շատ զուսպ, կանացի կերպար է։ Խիստ ընդգծված նուրբ ճաշակ ունի։ Բալզակյան ժամանակաշրջանի կնոջ մարմնավորում է։ Միայն հագուստը չէ, սանրվածքը, խոսքը, ձևը շատ գեղեցիկ են։ Իրեն ճանաչելով գիտեմ, որ իրականում էլ այնպիսին է, ինչպես հագնվում է` չափված–ձևած, գիտի իր ասելիքը։ Կարծում եմ` շատ կանանց կարող է ճաշակ թելադրել։
Սիրուշո – Սիրուշոյի ոճը, որպես այդպիսին, ինձ դուր չի գալիս այն առումով, որ չէի ցանկանա` Մանոն այդպես հագնվեր, սակայն ես չեմ կարող չասել, որ նա շատ ոճային է։ Նա իսկապես շատ ճաշակով է մոտենում ամեն ինչին, պարզապես, այդ ոճն ինձ հարազատ չէ։ Ես շատ եմ գնահատում, որ Սիրուշոն մտածում է` ինչ անել, որ նորություն ներկայացնի։ Իր հագուկապը, ստեղծագործությունները տարբերվող են։ Ամենակարևորը, շատ զուսպ և չափավոր է անում ամեն ինչ։ Յուրահատուկ ակնոցների նորաձևություն բերեց, ինչը շատ գովելի է։ Բացի այդ, Սիրուշոն իր զարդերով մեծ դեր խաղաց հայկականը սիրելու գործում։
Իվետա Մուկուչյան – Ես իրեն վաղուց եմ ճանաչում։ Իր նպատակասլացությունը` հասնել բարձունքի չշեղվելով իր ուղղությունից, յուրահատուկ ոճ թելադրել, շատ գովելի է։ Իվետան կոմպլեքսներից դուրս վիճակ է բերում մեր ժողովրդի մեջ, սակայն չափի մեջ։ Ինձ համար Իվետան շատ գեղեցիկ, համարձակ, ասելիքով և չափազանց տաղանդավոր աղջիկ է։ Նա այդ ամենը կարողանում է ցույց տալ իր հագուկապով։ Իր մոտ այդ ամենը ներդաշնակ է։
Նյութի աղբյուրը` Tert.amLife