Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով  դատական ակտը կհրապարակվի հունիսի 13-ին, իսկ մինչ այդ այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց սույն գործով դատաքննությունը:
 
Ինչպես նախորդ նիստերին այնպես էլ այսօր պատասխանող կողմի ներկայացուցիչը նիստին չէր ներկայացել, չնայած նրան, որ պատշաճ կերպով ծանուցվել է: Դատաքննություն անցավ կողմի բացակայությամբ: 
 
Հայցվորի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը պնդեց հայցի առարկան, նշելով, որ հաշտության եզրեր չի տեսնում: Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որը, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ:
 
Ուստի՝ հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
 
Հայցվորի ներկայացուցիչն ընդգծեց  նաև այն, որ վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հայցվորի հասցեին, պատասխանող կողմը երբևէ չի առարկել և չի հերքել, ուստի՝ հայցվոր կողմը գտնում է, որ այդ արտահայտությունները Դավիթ Սանասարյանի հասցեին եղել են դիտավորությամբ:
 
 
Աղբյուրը`
«Փաստինֆո»