Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 3-ը քիչ անց կտեղափոխվեն Երեւան:
Այս պահին զինծառայողներին հոսպիտալում բուժզննում են անցնում: Վիճակների վերաբերյալ տեղեկությունները դեռեւս նախնական են: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ վիրավորներից 7-ի վիճակը ծանր է, մնացածինը՝ միջին ծանրության:
Ըստ Արտակարգ իրավիճակի նախարարության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Նրանցից երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից: