Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, շնորհիվ իրենց մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածության եւ դիրքային համակարգերի տեխնիկական պատշաճ կահավորվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:
Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: