«ԱԺ նախագահ, մեծահարուստ Հովիկ Աբրահամյանը, ով չնայած գրեթե միշտ պետական պաշտոններ է զբաղեցրել և միլիոնավոր դոլարների ունեցվածք ունի Հայաստանում, պնդում է, որ օֆշորային գոտիներում բիզնես չունի և իր ունեցվածքը Հայաստանում է պահում:

Այսօր պարոն Աբրահամյանը ճանապարհում էր Քուվեյթի պատվիրակութանը, որից հետո ոտքի վրա մի քանի հարց ուղղեցինք նրան»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցը.

- Պարոն Աբրահամյան, մամուլում բացահայտվել է օֆշորային գոտում վարչապետի ունեցվածքը, Դուք ունեցվածք ունե՞ք օֆշորային գոտում և մտավախություն չունե՞ք, որ Ձերն էլ կբացահայտվի:

- Ես ոչ մի ունեցվածք չունեմ օֆշորային գոտում, որ վախենամ: Եվ չեմ էլ հավատում, որ վարչապետը ինչ-որ ունեցվածք ունի օֆշորային գոտում:

- Փաստորեն, Ձեր ողջ ունեցվածքը Հայաստանո՞ւմ է:

- Այո, դա լավ է չէ՞:

- Ձեզ համար թերևս լավ է: Այսինքն՝ Ձեզ համար Հայաստանն ավելի լա՞վ բիզնես գոտի է:

- Ավելի վստահելի է, ավելի ապահով է, քան որևէ օֆշորային գոտի: Եվ ես ընդհանրապես Հայաստանից ինչ-որ բան դուրս հանելու կարիքն էլ չունեմ:

- Իսկ Ձեր ունեցվածքը մոտավորապես որքա՞ն եք գնահատում:

- Հայտարարագիրը, որ վերցնեք նայեք, այնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: