Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Tert.am Life–ի հետ զրույցում Հրաչուհին պատմեց, որ օրն անակնկալներով է սկսվել։ Ինքը որոշել էր չնշել 31 տարեկանը, սակայն ընկերների ու հարազատների շնորհիվ մինչև լուսաբաց տոնել է ծնունդը։
«Անակնկալները սկսվեցին կեսգիշերին՝ ծնողներիս, հորաքրոջս և, գրեթե, բոլոր ընկերներիս կողմից։ Շատ անսպասելի ձևով բոլորը որոշեցին գալ և շնորհավորել ինձ, թեև այս տարի չէի պատրաստվում մեծ նշել տարեդարձս, ինչպես դա արեցի նախորդ տարի՝ 30-ամյակիս, այնպես ստացվեց, որ մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս։ Շատ լուսավոր ու բարի օր ունեցա»,– պատմեց հաղորդավարուհին։
Հրաչուհին չի որոշել, թե ինչպես է անցկացնելու օրը։ «Առավոտից ընտանիքիս հետ եմ եղել։ Դեռ չեմ որոշել` ինչպես կանցկացնեմ օրս, ամեն բան կախված է պահի թելադրանքից»,– ասաց նա։
Նրա խոսքով` 31-ում հենց այսպիսին էր պատկերացնում իրեն` ներդաշնակ ինքն իր հետ ու խաղաղ։ «Երբ ինքդ քեզ հետ խաղաղ ու հաշտ ես, ինքնաբավ ես։ Դա այն զգացողությունն է, որը հեշտ չէ բացատրել, բայց յուրահատուկ խաղաղություն կա ներսումս»,– նկատեց Հրաչուհին։
Հաղորդավարուհին իրեն երջանիկ է համարում։ «Ես ունեմ երջանկության իմ բանաձևը, որին, միանշանակ, հասել եմ։ Այն է` նկատել գեղեցիկն ու բարին, ապրել այս պահին ու այստեղ։ Դա յուրահատուկ զգացողություն է, որը տարիքի հետ է գալիս»։
Եթե շատերն առաջնորդվում են տարիքի հետ կապված կարծրատիպերով և 30 տարեկանից հետո մռայլվում են, Հրաչուհին ավելի ու ավելի ներդաշնակ է դառնում. «Ես երբեք մռայլ չեմ եղել ու, Աստծո կամոք, չեմ լինելու։ Ուղղակի ավելի ու ավելի եմ խաղաղվում»։
Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը Հրաչուհին համարում է ընտանիքը, որն ի վերուստ է շնորհվել իրեն և իր ընկերներին, որոնց ինքն է ձեռք բերել գիտակցական կյանքում։Այսօր հաղորդավարուհին 3 անգամ է փչել տորթի մոմերը և 3 տարբեր երազանք է պահել, որոնք ինքը բնորոշում է ցանկություններ։ Դրանք բարձրաձայնել Հրաչուհին չի ցանկանում, քանի որ իրենն են։
Հրաչուհին ժամանակին խոսել է իր փոքրիկ ընտանիքն ունենալու մեծ ցանկության մասին։ Այսօր արդեն նա ասում է, որ ամեն բան իր ժամանակն ունի. «Ես հասկացել եմ, որ ոչ թե դու պետք է ինչ–որ բան ուզես, այլ Աստված պիտի ուզի քեզ համար։ Երբ ճիշտ համարի, այդ ժամանակ էլ կլինի։ Ես սովորել եմ Էքզյուպերիի կարևորագույն «Փոքրիկ քայլերի արվեստը», երբ ասում է` տուր ինձ ոչ թե այն, ինչ ես եմ ուզում, այլ այն, ինչ ինձ իսկապես պետք է։ Դա իմ ամենակարևոր կարգախոսն է, որով ապրում եմ»։
Որպես վերջաբան` նա շնորհավորեց այսօր ծնված գործընկերներին` Ալլա Լևոնյանին և Աննա Խաչատրյանին։
Նյութի աղբյուրը` Tert.am