Նոյեմբերյանի զորամասերից մեկի զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխելու օրը` մայիսի 18-ին, Սևան-Երևան մայրուղում տեղի ունեցածի մասին` մասնավորապես անդրադառնալով զոհված զինծառայողի հարազատների բռնության ենթարկվելուն:

Կատարվածով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն այժմ զբաղվում է:

Ըստ «Ժողովուրդկ» թերթի հաղորդած տեղեկության` որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն հարցաքննվել են, այդ թվում նաև «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, ով, ըստ թերթի, տեղում պարզել է, որ սպանված զինվորի հայրը` Աշխարհիկ Ստեփանյանը, հերքել է մինչ հարցաքննությունն ասած իր խոսքերը:

Մայիսի 22-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր հոդված` «Ծեծել են լկտիաբար» վերտառությամբ, որտեղ մեջբերված է եղել Աշխարհիկ Ստեփանյանի խոսքը. «Այո, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում:

Միայն մեքենան տեսնեք` ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»:

Երեկ թղթակցից ՊՆ քննիչները փորձել են ճշտել, թե հոդվածում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ: Լրագրողը քննիչ Գևորգ Խաչատրյանին է հանձնել այդ օրվա ձայնագրությունը: Ինչպես գրում է թերթը, նա տարակուսել է` լսելով Ա.Ստեփանյանի խոսքերը, քանի որ Ա.Ստեփանյանը հարցաքննության ժամանակ այլ բան է ասել: Պարզվում է նա հերքել է, որ իրեն ծեծել են և իր մեքենան ջարդուփշուր են արել:

«Ի՞նչն է ստիպել սպանված զինվորի հորը որդուն կորցնելուց հետո դեռ մի բան էլ բռնության ենթարկվելուց հետո նման քայլի գնալ: Արդյո՞ք ահաբեկել են Ա.Ստեփանյանին, որ հետ կանգնի իր խոսքերից»,- հարցնում է թերթը:

Պարզաբանում ստանալու նպատակով թղթակիցը զրուցել է նաև Ա.Ստեփանյանի հետ, ով մասնավորապես ասել է. «Բայց ո՞վ է ասում, որ մեզ ծեծել են: Կողս ոտքի վրա այդքան կանգնելով սառել էր, ցավում էր, հիմա պահի տակ մի բան է, ասել եմ»:

Լուսանկարը՝ Արմենպրեսի