ԱՄՆ-ի ու Հայաստանի դիվանագետները քննարկում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Հանդիպման օրը հայտնի կդառնա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո։ Այս մասին Sputnik-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
«Դե, իհարկե, որեւէ մի փուլում անհրաժեշտ կլինի կազմակերպել (նախագահների հանդիպումը)… Հայաստանում գործընթացներ են տեղի ունենում։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք դառնում։ Անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի մեր գործընկերներին, երկրի ղեկավարությանը՝ ամենաբարձր մակարդակով, իրազեկել այդ մասին»,-ասել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ արդեն պետք է պատրաստվել ու սկզբի համար արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպել։
«Կպատրաստենք օրակարգը։ Եվ, հավանաբար, դրանից հետո կպատրաստենք հանդիպում նախագահների մակարդակով։ Իհարկե, ես շատ կցանկանայի, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե նախարարներն ինչպես կպայմանավորվեն»,- հստակեցրել է նա՝ նշելով, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը դեռ հայտնի չէ։