Lragir.am-ը գրում է.
Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին պետք է դնի իր վրա, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց պետք չէ ունենալ ավելորդ սպասումներ, որովհետեւ ավելորդ սպասելիքները կարող են բերել այլ պատկերի, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանին Ռուսաստանի սպառազինության մատակարարման վերաբերյալ լրագրողների հարցին:
Շավարշ Քոչարյանի հայտարարությունը կարող էր դիտվել անսպասելի, եթե Ռուսաստանից սպասելիքների խնդրին մի քանի ամիս առաջ անդրադարձած չլիներ Սերժ Սարգսյանը՝ Դիմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: Նա նշել էր, թե հայաստանցիները սպասում են, որ վտանգի պահին Ռուսաստանն անմիջապես պետք է հասնի օգնության՝ «բայց երազելն ինչպես ասում են վնաս չէ»:
Այդ խոսքի ֆոնին, Շավարշ Քոչարյանի հայտարարությունը սովորական արձանագրում է: Բայց անկասկած ճշգրիտ, ռացիոնալ, իրատես եւ կարեւորը՝ առողջ արձանագրում:
Այդուհանդերձ, այստեղ կա մի քանի հանգամանք: Օրինակ, ճշգրտման կարիք ունի, թե որն է «ավելորդ սպասելիքը» Ռուսաստանից: Ի վերջո, երբ խոսքը Մոսկվայի գործողությունների մասին է, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերության, ապա այստեղ Հայաստանի հանրության սպասելիքը կարծես թե ընդամենը դաշնակցային իրողությունից բխող պարտավորության եւ տրամաբանության ու նաեւ դաշնակցային բարոյականության շրջանակում է: Դա ավելո՞րդ է:
Ի վերջո, միջպետական ռազմավարական դաշնակցությունը միայն իրավա-պայմանագրային ռազմա-քաղաքական պարտավորություն չէ, այլ նաեւ բարոյականություն: Իսկ բարոյականությունը քաղաքականության կարեւոր տարր եղել է ու կլինի, որքան էլ տարածված լինի թյուրըմբռնում, թե բարոյականությունը տեղ չունի քաղաքականության մեջ:
Բարոյականությունը տեղ չունի այդ թյուրըմբռնումը տարածողների, ոչ թե քաղաքականության մեջ: Ըստ այդմ, անգամ դաշնակցային բարոյականության սպասումը չի կարող լինել «ավելորդ»: Իսկ դրա դրսեւորում կլիներ օրինակ այն, որ եթե անգամ Ռուսաստանը գործակցում է Ադրբեջանի հետ ընդհուպ ռազմատեխնիկական առումով, այդուհանդերձ աներ քաղաքական մի հստակ հայտարարություն, որ Հայաստանի անվտանգության ուղղակի թե անուղղակի սպառնալիք ստեղծողը գործ կունենա նաեւ Ռուսաստանի հետ: Ինչպես ԱՄՆ-Իսրայել դաշնակցության դեպքում, երբ ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել, որ Իսրայելի համար որոշ հարցերում կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, բայց անվտանգության հարցում Իսրայելի դեմ որեւէ սպառնալիք ներկայացնողը գործ կունենա ԱՄՆ հետ:
Այլապես, հայ-ռուսական հարաբերության եւ սպասելիքի տիրույթում ստացվում է, որ «ավելորդ» է դաշնակցությունն ընդհանրապես:
Մյուս կողմից, Հայաստանի հանրությունն այդ ամենը ոչ միայն հասկացել, այլ նաեւ հստակ գիտակցել է վաղուց, առավել եւս ապրիլի պատերազմից հետո: Եվ այդ առումով Հայաստանի հանրությունը Ռուսաստանից ավելորդ սպասելիք չունի բացարձակապես, եւ չունի անգամ «հասանելիք» սպասելիք: Հայաստանի հանրությունը, ի տարբերություն իշխող վերնախավի եւ քաղաքական դասի, Ռուսաստանին դիտարկում է միանգամայն ռացիոնալ հարթության վրա, համեմատության մեկնակետ ընդունելով Հայաստանի պետական շահը եւ ըստ դրա գնահատելով Ռուսաստանի իշխանության այս կամ այն գործողությունը: Երբ այդ գործողությունը համընկնում է կամ կարող է համընկնել Հայաստանի պետական շահին ու անվտանգությանը, Հայաստանի հանրությունը հանգիստ արձանագրում է դա, երբ կա հակասություն, հանրությունը կրկին արձանագրում է դա եւ բարձրաձայնում իր մտահոգությունը՝ կախված վտանգի կամ ռիսկի աստիճանից:
Հայաստանի իշխանության եւ քաղաքական դասի համար է, որ չափման միավորը քաղաքական կոնյունկտուրան է, սեփական քաղաքական ճակատագրի հանդեպ Ռուսաստանի իշխանության վերաբերմունքը:
Դա է ամբողջը: Այլ խնդիր է, որ Հայաստանի հանրությունը սպասելիք ունի իշխանությունից եւ հենց քաղաքական դասից՝ հայ-ռուսական հարաբերության խնդիրներին, հեռանկարին, ներուժին եւ բնույթին համարժեք պահվածքի վերաբերյալ: Ըստ այդմ հարցն այստեղ է՝ իշխանությունից եւ քաղաքական դասից համարժեքություն սպասելը «ավելո՞րդ» է, թե՞ դեռեւս ոչ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am