ԱՄՆ-ում ապրիլի 22-ից անհետ կորած համարվող 5-ամյա Արամազ Անդրեսյանի հայրը դատարանում իրեն տարօրինակ է պահել։
Արամազդ Անդրեսյան ավագը կատակել եւ նույնիսկ ծիծաղել է դատավորի հետ շփվելիս, հաղորդում է Daily Mail-ը։
Անդրեսյանը հայտարարել է, որ չի փորձել թաքնվել իշխանություններից՝ չնայած վերջին 47 օրն անցկացրել է Լաս Վեգասի հյուրանոցում։ «Եթե Քալիֆորնիան ցանկանում է բերման ենթարկել ինձ, նրանք կարող են գալ եւ ստանալ ինձ։ Ես երբեք փախչելու մտադրությամբ այստեղ չեմ եկել»,- հայտարարել է Անդրեսյանը։
NBC4-ի հետ հարցազրույցում տղայի մայրը՝ Անա Էստվեզը հայտարարել է, որ ոչ մի արդարադատություն իրեն չի վերադարձնի որդուն, բայց «Արան իր արածի համար տասն անգամ ավելի կհատուցի»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արամազդ Անդրեսյան ավագն ԱՄՆ-ից պատրաստվել է մեկնել այնպիսի երկիր, որտեղից իրեն չեն կարող արտահանձնել։ Նա նաեւ փորձել է ինքնասպանություն գործել։
Հունիսի 26-ին Անդրեսյանին սպանության մեղադրանք է առաջադրվել՝ չնայած տղայի մարմինը դեռ չեն հայտնաբերել։ Սակայն իշխանությունները հայտարարել են, որ մի քանի կարեւոր ապացույց են գտել։ Դատապարտվելու պարագայում Անդրեասյանին մինչեւ 25 տարվա ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը իր կրտսեր որդու՝ Արամազդի անհետացման մասին հայտնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր եկել հանդիպման Սան Մարինո՝ երեխային մորը փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեսյան ավագը, որը Հարավային Փասադենայի բնակիչ է, հայտնաբերվել է իր մեքենայից ոչ հեռու՝ անգիտակից վիճակում։
Ոստիկանները երկու օր որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել են երեխային առեւանգելու կասկածանքով, սակայն հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։