Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործարարների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց ՀՀ կառավարությանն ուղղված իր առաջարկը գազի և լույսի գների թանկացումը կանխելու վերաբերյալ: Նրա կարծիքով ավելի լավ է բարձրացնել ատոմակայանից գնվող հոսանքի գինը՝ 11-ի փոխարեն դարձնել 13 դրամ:

«Իմ կողմից կատարած հաշվարկների հիման վրա եկել եմ այն եզրահանգման, որ 8 դրամի փոխարեն կբարձրանար 4 դրամով, ինչն ավելի արդյունավետ կլիներ բնակիչների ու ողջ Հանրապետության համար»,­ նշեց Մակարյանը:

Վերջինս նաև ավելացրեց, որ այս բոլորը կբերի շղթայական թանկացումների:

«Սա հետևանք կլինի տնտեսական մյուս բոլոր ճյուղերի թանկացումներին, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: Այս ամենը նաև կբերի հասարակության լայն հատվածի աղքատացման»,-­ գնահատեց Գագիկ Մակարյանը:

Այս բոլորից դուրս գալու ելք Մակարյանն առաջարկեց հետևյալը. կամ կառավարությունը պետք է խիզախ քայլերի գնա, կամ պետք է քաղաքացիական հասարակությունը  դրդի կառավարությանը գնալու այդ քայլին:

«Այս թանկացումների ճգնաժամային հետևանքներին մենք ականատես կլինենք և կզգանք արդեն մինչև տարվա վերջ, եթե ոչ՝ մինչև սեպտեմբեր, քանի որ այս ժամանակ է, որ ակտիվանում է միգրացիոն շրջանը, մարդիկ դրսից վերադառնում են Հայաստան և պատրաստվում դիմավորել ձմեռը: Կառավարությունը պետք է վերանայի իր ներքին կառուցվածքը: Նրա ծրագրերն իրենց նպատակներին չեն ծառայում: Հնարավոր է՝ սա դիտվի որպես մարտահրավեր, բայց կառավարությունը պետք է վերանայի իր ծրագերը: Հակառակ դեպքում՝ ծրագրի միայն առավելագույնը 20 տոկոսը կիրականանա»,­ հայտնեց Մակարյանը:

Նա նաև նշեց, որ կառավարության այն որոշումը, թե կավելացվեն  100 հազ. աշխատատեղեր և կբարձրացվեն աշխատավարձերը, ելք չեն, քանի որ այդ կերպ միջինը կապահովվի միայն 50 ընտանիք, իսկ 50 ընտանիք չի նշանակում Հայաստան: