Hraparak.am-ը գրում է.

Երեկ կառավարության նիստում հաստատվեց պետգույքի կառավարման վարչության աշխատակազմի 4 միավոր տրանսպորտային միջոցները դատախազությանը փոխանցելու մասին որոշումը։ Դրանք բոլորը ռուսական արտադրության փոխադրամիջոցներ են, 2007 թվականի արտադրության եւ ոչ թանկարժեք։ Գները տատանվում են 4-6 մլն․ դրամի սահմաններում։ Պետգույքի վարչության աշխատակազմից մեզ հայտնեցին, որ ավտոմեքենաները չեն օգտագործվել իրենց կողմից, պարզապես այլ գերատեսչություններ հանձնել են դրանք վարչության հաշվեկշռին։ Այս «Նիվաներն» ու «21» ժիգուլիները հանձնվել են Հովիկ Աբրահամյանի վարչապետության վերջին ամիսներին, երբ նախարարներին հանձնարարվել էր կրճատել պետական ապարատի ծախսերը, հրաժարվել ավտոմեքենաներից, եւ վերջիններս էլ կառավարության ամեն նիստից հետո զեկուցում էին, թե քանի ավտոմեքենայից են կարողացել հրաժարվել եւ որքան են տնտեսել ապարատի վրա ծախսվող գումարներից։ Փաստորեն, ժամանակները փոխվեցին, անարդյունավետ ծախսերի դեմ պայքարը դադարեց, եւ գերատեսչությունները կամաց-կամաց հետ են վերցնում իրենց գույքը։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am