Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Աիդա Թորոսյանը սեքսուալ նոր ֆոտոշարք ունի։ Ֆոտոշարքում նա ներկայացել է կարմիր գույնի զգեստներով։ Դերասանուհին ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրել է Tert.am Life–ին և զրուցել սեքսուալության և տղամարդուն գրավելու խորամանկության մասին։

«Ֆոտոշարքի մտահաղացումն իմն ու լուսանկարչին է եղել։ Անչափ սիրում եմ կարմիր գույնը։ Ամեն անգամ փորձում եմ ճնշել հերթական կարմիր հագուստին կամ աքսեսուարին նախապատվություն տալու ցանկությունս, բայց երբեմն չի ստացվում։ Երբ որոշում էինք ֆոտոշարքի գունային գամման, առաջին գույնը, որ մտքիս եկավ` կարմիրն էր։ Այն կրքոտ ու կրակոտ գույն է, բայց դրա հետ մեկտեղ ինձ համար ավելի խորհրդանշական է։ Սա գույն է, որն ունենք բոլորս, այն առկա է յուրաքանչյուրիս ներսում։ Կարմիրը մեզ միացնող գույն է»,– ասաց Աիդան։


Վերջինս նշեց, որ ֆոտոշարքում մի քանի կերպարներով է ներկայացել։ «Մյուս զգեստներս էլ են կարմիր, քանի որ ֆոտոշարքն ամբողջությամբ նվիրված էր կարմիր գույնին»,– ավելացրեց Աիդան։

Խոսելով սեքսուալության մասին` նա նշեց, որ սեքսուալ է այն կինը, որն ինքնավստահ է, կայացած և ուժեղ։ «Կնոջը շատ բան պետք չէ տղամարդու ուշադրությունը գրավելու համար և, ընդհանրապես, հատուկ ոչինչ անհրաժեշտ չէ անել որևէ մեկի ուշադրությանն արժանանալու համար։ Կարևորը, կեղծ նոտաներից զերծ մնալն է և «քիմիա» ասվածն իր գործը կանի։ Պետք չէ լսել, կարդալ կամ հետևել ինչ–որ կանոնների։ Պետք է լինել պահի մեջ և չվախենալ։ Այս ամենին գումարված անկեղծ ժպիտը, կարծում եմ, կնոջն ամենագրավիչն է դարձնում։ Կինը խորամանկ արարած է` անցյալում պատերազմներից մինչև մերօրյա բակային կռիվների պատճառ հանդիսացող մի երևույթ, որը խելքահան անելու անհագ ցանկություն ունի։ Բայց խելացի է այն կինը, որը չի չարաշահում ի վերուստ տրված այդ առանձնահատկությունը և իր խորամանկությունն ու գեղեցկությունը որպես լծակ օգտագործում»,– դիտարկեց դերասանուհին։

Աիդայի կարծիքով` ժամանակակից տղամարդը չի վախենում ընտրել խելացի կանանց։ «Եթե կնոջ ուզածը հասկանալու համար շատ բարդ հավասարումներ է պետք լուծել, տղամարդու պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է. այս հարցում էլ է մեր բախտը բերել։ Կարծում եմ` տղամարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան այն գիտակցումը, որ գտել է այն կնոջը ով լցնում և լրացնում է նրա կյանքի ցանկացած հատված։ Իմ կարծիքով` իսկական տղամարդը չի վախենում խելացի ու ինքնուրույն կնոջից. կին, որը պետք է լինի միակը»,– եզրափակեց Աիդան։

Նյութի աղբյուրը՝ Tert.am