Այնպիսի տպավորություն է, որ կարծես բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա բացասական վիճակի համար՝ բացի իշխանություններից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանի դիտարկմանը, թե 2016-ին եղել են բացասական զարգացումներ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների պատճառով:
«Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵՏՄ, սանկցիաներ… Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար, բացի ՀՀ իշխանություններից: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, որն արձանագրել է այս կառավարությունը: Մի բան ասեք, որ կարողացել եք փոխել: Այս կառավարությունը ստանձնել է նախորդի բյուջեն: Կա ընդունած հին բյուջե, որի հետ, ասենք, համաձայն չեք, կամ եթե համաձայն եք, ինչի՞ եք դուք եկել, թող էդ հինը մնար: դուք չեք կարողանալու երկիրն այս վիճակից հանել, ինչո՞ւ եք եկել»,-ընդգծեց Մարուքյանը:
Ի պատասխան Վարդան Արամյանն ասաց, որ ինքն իրատես է եւ որ հնարավոր չէ տրանսֆերտների անկում լինի եւ քո վրա չազդի. «Մենք խոսում ենք ճիշտ արձագանքի մասին, որը հակացիկլիկ քաղաքականությունն է: Որեւէ բան հենց այնպես չի լինում, 2016 թվականին մենք ծրագրվածից ավել կապիտալ ծախսեր ենք արել, որ ավելի հզորացնենք 2017-ի տնտեսական հիմքերը»: