«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ ամբիոնից հռետորական հարց է հնչեցրել, թե ինչը չներվեց Հովիկ Աբրահամյանին, ինչու նա հեռացավ եւ նրա փոխարեն նշանակվեց Կարեն Կարապետյանը:
«Կարելի է ասել, որ տնտեսական ցուցանիշները վատն էին, իրոք վատն են 2016թ.-ի տնտեսական ցուցանիշները, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե անհրաժեշտ է հիմնավորել, որ այդպես էլ պետք է լիներ, տարիներ շարունակ արել են, բայց Կառավարությունը չէր փոխվում: Ի՞նչը չներվեց Հովիկ Աբրահամյանին: Օրինակ, ՊՊԾ գնդում տեղի ունեցածը ներվեց ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, բայց ի՞նչը չներվեց Հովիկ Աբրահամյանին:
Պատճառներից մեկն այն էր, որ տրանսֆորմացիայի մի շրջան էր թեւակոխում Հայաստանը եւ Հովիկ Աբրահամյանը կարող էր իր շուրջ կոնսոլիդացիա ապահովել՝ որոշակիորեն խառնելով Սերժ Սարգսյանի՝ մեզ եւ ձեզ հայտնի ծրագրերը: Կարծում եմ՝ սա էր պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչու նշանակվեց Կարեն Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պատճառներից մեկն այն էր, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հնաբնակներից չէ, իշխանության ներսում կոնսոլիդացիա ապահովելու պոտենցիալ չունի:
«Արժե նկատել, որ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը չի մտնում այն շրջանակի մեջ, որոնք «համոզում են» Սերժ Սարգսյանին 2018թ.-ից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը. բավականին հետաքրքիր է եւ ներքաղաքական իրավիճակը փոխելու պոտենցիալ ունի: Սա չէր կարող չարձանագրել ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը եւ կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ սա էր, որ մեկ շաբաթ անց նա հայտնվեց Կառավարությունում: Չնայած նա ուղղակի ոչինչ չասաց, բայց վիզուալ պատկերը բավականին խոսուն էր: Սերժ Սարգսյանը նստած էր այն տեղում, որտեղ սովորաբար նստում են վարչապետները, իսկ Կարեն Կարապետյանը նստած էր այնտեղ, որտեղ սովորաբար նախարարներն են նստում: Ընդհանրապես կարծում եմ՝ իշխանության տանսֆորմացիայի ընթացքում շատ նուրբ իրադարձություններ են տեղի ունենալու եւ ունենում:
Ուզում եմ հայտարարել, որ «Ելք» դաշինքն ու իր անդամները չեն մտնում այն մարդկանց շրջանակի մեջ, որոնք համոզում են Սերժ Սարգսյանին 2018թ.-ից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: