Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի եւ կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հերթական նման դրսեւորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների եւ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի եւ ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաեւ, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երեւույթ չէ: Դեռեւս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:
Կարեւոր ենք համարում եւս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ եւս լռեցվելու են:
Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երեւում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետեւությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը:
Վերջում հավելենք նաեւ, որ հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը: