Ադրբեջանական արկակոծության հետեւանքով այսօր բեկորային վիրավորում ստացած զինծառայողներն առայժմ գտնվում են Ստեփանակերտի հոսպիտալում:
Հոսպիտալից հայտնում են, որ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Ծանր է գնահատվում նաեւ երկրորդ զինծառայողի վիճակը: Հոսպիտալի աշխատակիցների տեղեկացմամբ, երրորդ զինծառայողը ստացել է վիրավորում ոտքի շրջանում, նրա վիճակը նորմալ է: Այլ մանրամասներ հոսպիտալից հրաժարվեցին հայտնել:
Ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ: