ՖԻՖԱ-ն ցավակցել է անգլիական «Սանդերլենդի» 6-ամյա երկրպագու Բրեդլի Լոուրիի մահվան կապակցությամբ: Երեխան երկու տարի պայքարում էր քաղցկեղի դեմ:
«Ֆուտբոլային աշխարհը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին: Հանգչիր խաղաղությամբ, Բրեդլի Լոուրին»,- ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջում:
Երեխայի մահվան կապակցությամբ ցավակցել են նաեւ անգլիական Պրեմյեր լիգան, բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ Անգլիայից եւ այլ երկրներից:
Նախորդ երկու տարիներին ֆուտբոլիստների եւ երկրպագուների աջակցության շնորհիվ երեխայի բուժման նպատակով հանգանակվել էր մոտ 800 հազար ֆունտ ստերլինգ:
Բրեդլին ընկերացել էր «Սանդերլենդի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոյի հետ եւ այս տարվա մարտին նրա հետ դուրս էր եկել խաղադաշտ Անգլիայի հավաքականի մասնակցությամբ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ: