Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկած «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմն արդեն սիրվել է հեռուստադիտողի կողից: Ֆիլմի մասին և դերասանների հետ հարցազրույցներ BlogNews.am-ը իր ընթերցողին պարբերաբար ներկայացրել է:
Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան: Ինչպես և իրական կյանքում, փոքրիկ Յանան և Սարգիսը ֆիլմում ևս հայր ու դուստր են: Փոքրիկի դերասանական խաղի ու նկարահանման հարթակում հոգեբանական բարիերները հաղթահարելու հարցերում Յանայի դերասան ծնողները չեն միջամտում, տանը չեն պարապում դերը, և նկարահանումներին էլ Յանայի մայրիկը ներկա չի լինում:
Յանան նշում է, որ իր համար հետաքրքիր է աշխատել ֆիլմում, մանավանդ հայրիկի հետ. «Եթե չեմ կարողանում խաղալ, հայրիկս օգնում է: Իսկ Ելենան ասել է, որ տանը դերս չփորձեմ»:
BlogNews.am-ի հետ նախորդ զրույցում Սարգիսը նշել էր. «Ինձ համար անակնկալ էր, երբ Ելենան ասաց, որ Յանան կարող է ստանձնել այդ դերը: Իհարկե, գիտեմ, որ Յանայի մեջ կա դերասանական շնորհ և ավելի շատ, քան ավագ քրոջ՝ Էվայի մոտ, բայց լուրջ չէի վերաբերվում դրան: Բերեցի քասթինգի, ընտրվեց, ու հիմա Ելենա Արշակյանն ինձ ու Մանոյին արգելում է երեխայի հետ պարապել, դերը սովորեցնել, քանի որ այդպես երեխայի խաղը բնական չի լինի: Չենք խառնվում: Թողել ենք Ելենայի հույսին. տեսնենք` ինչ կստացվի))»:
Ինչպես Ելենան է նշում, Յանան նկարահանման վերջին օրն իր խաղով հուզել է ամբողջ ստեղծագործական կազմին. «Նախ՝ շատ սթրեսային էին այդ տեսարանները, որովհետև դժվար է երեխային հասցնել այդ վիճակին, և երբ նկարահանումներն ստացվում էին, բոլորս ծափահարում էինք Յանային, որպեսզի նա ոգևորվի»:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am