Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից:
Նա Tert.am-ին հայտնեց, որ իր որոշման մեջ ոչ մի սենսացիա չկա. հետևելով կառավարության որոշմանը՝ ինքնակամ ազատվել է պաշտոնից:
«Կառավարությունն այդպիսի որոշում ունի՝ 70 տարեկանից հետո վարչական աշխատանքով չի կարելի զբաղվել: Ես էլ, որպես օրինապաշտ քաղաքացի, 70-ամյակը լրանալուց երկու ամիս առաջ դիմում եմ տվել և դուրս եմ եկել»,- նշեց Բախշյանը:
Անահիտ Բախշյանը վստահեցրեց, որ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից հրաժարվելը ոչինչ չի նշանակում, նա՝ որպես ավագանու անդամ, որպես կրթության փորձագետ շարունակելու է կրթության ոլորտի հարցերով զբաղվել։
«Որքան շունչ ունեմ, ծառայելու եմ կրթությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: