«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին այսօր՝ հուլիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի, 6 ամսվա ազատազրկման: Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով, սակայն, անմեղ ճանաչվեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանը անազատության մեջ կմնա 3 ամիս, քանի որ նա արդեն 1 տարի եւ 3 ամիս անազատության մեջ է:
Նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու է դատարանի դատավճիռը եւ պահանջելու է արդարացնել իր պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է: